Կորոնավիրուսով վարակված հիվանդը, որի մոտ երեք սնկային հիվանդություն («սև բորբոս», «սպիտակ բորբոս» և առաջին անգամ «դեղին բորբոս») էր հայտնաբերվել, մահացել է Նյու Դելիի մերձակայքում գտնվող քաղաքի հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հնդկական աղբյուրին, այդ հիվանդանոցում արձանագրվել է «դեղին բորբոսով» վարակվելու երկրորդ դեպքը: Աղբյուրի տվյալներով՝ 59-ամյա Կունվար Սինգհը բուժում ստանալիս է եղել կորոնավիրուսի դեմ, երբ նրա մոտ երեք սնկային հիվանդություն է հայտնաբերվել: Սինգհը բուժում էր ստանում, սակայն մահ վրա է հասել տոքսեմիայի (տոքսիններով օրգանիզմի թունավորման) հետևանքով:
Բժիշկների տվյալներով՝ նախկինում «դեղին բորբոս» հայտնաբերվել էր միայն սողունների մոտ:
Նշվում է, որ մյուս տղամարդը, որի մոտ «դեղին բորբոս» է հայտնաբերվել ևս 59 տարեկան է: Սունկը հայտնաբերվել էր նրա գլխուղեղի մոտակայքում, նրա ծնոտի մի հատվածը հեռացվել է:
Բժիշկների տվյալներով՝ Գազիաբադում ներկա պահին «գունավոր» սնկային հիվանդություններով վարակվածների թիվը կազմում է 65, մեծամասնության մոտ «սև բորբոս» է հայտնաբերվել: Նրանցից 31-ն ապաքինվել է, 33-ը շարունակում են բուժում ստանալ տարբեր բուժհաստատություններում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հնդկաստանի իշխանությունները հայտնել էին երկրի տարածքում մուկորմիկոզով («սև բորբոս») հիվանդանալու 11 717 դեպք է արձանագրվել: Բացի այդ, հաղորդվում էր նաև «սպիտակ բորբոսով» վարակվելու մասին:
