Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն աճել է

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի դրությամբ, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում էպիկենտրոններով ավերիչ երկրաշարժերի զոհ է դարձել 12873 մարդ, ևս 62937-ը տուժել է։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետեւանքների վերացման գրասենյակից, փոխանցում է Anadolu-ն։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո գրանցվել է 1117 հետցնցում։

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 24727 փրկարար, արտերկրից՝ 5709 մասնագետ։

Այդ թվում կամավորներ, ոստիկաններ, ժանդարմերիա, զինվորականներ, բժիշկներ, հրշեջներ, ՀԿ-ների աշխատակիցներ և այլ կառույցներ, աղետի գոտում աշխատում է ընդհանուր առմամբ 113201 մարդ։

Ընդհանուր առմամբ, աղետի գոտում տեղակայվել է 5557 միավոր տեխնիկա՝ հիմնականում էքսկավատորներ, քարշակ մեքենաներ, կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, ջրատարներ, կցանքներ, գրեյդերներ և այլ սարքավորումներ։

Բացի այդ, Թուրքիայի հարավարևելյան և հարավային նահանգներում աղետի գոտուց տուժածների տեղափոխման, ինչպես նաև փրկարարների տեղափոխման, մարդասիրական պարագաների, սարքավորումների և բնակչության տարհանման համար հատկացվել են նավատորմի 20 նավ և առափնյա պահպանության 2 նավ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել բնական աղետից տուժածների համար։ Թուրքիայի պետական ​​դրոշները ողջ երկրով մեկ իջեցվել են։

Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։