«Առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Վրույրն ու Արկադին առերեսվել են, առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել։ Նոր բան չէ, շուտ է եղել, բայց նորից է առերեսում է լինելու։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնեց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։

Դիտարկմանը, թե ավելի վաղ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը MediaHub-ին ասել էր, թե միջնորդել է, սակայն մինչև հիմա առերեսում չի եղել՝ Սևակ Մելիքսեթյանը պատասխանեց. «Ստո՛ւմ է: Չգիտեմ, թե ինչ նպատակ ունի այդ փաստը թաքցնելը, բայց ստում է։ Գործի ընթացքը նորմալ է, իր հունով գնում է»,-ասաց նա։

Հարցին, թե Բարսեղյանների տան առաջ հսկողությունը շարունակվո՞ւմ է, վերջինս պատասխանեց՝ այո։

«Այստեղ հարցը միայն ես չեմ, ես չեմ պատրաստվում ոչինչ անել, բայց գյուղում միայն ես չեմ, գյուղացիների տրամադրվածությունն էլ չի փոխվել»։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։

Հիշեցնենք նաև, որ հունվարին որոշում է կայացվել Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգել։

Լիաննա Թորոսյան