Ռուսաստանը հանդես է եկել կոչով

Արտգործնախարարությունը շեշտում է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին։

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով ու պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի միջեւ հեռախոսազրույցից հետո։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info