Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ոչխարները սատկել են։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Հակոբյանն ու Արթուր Դանիելյանը։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info