Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցի հասցեին Շվեդիայի մեղադրանքները երկրի ներքին գործերին միջամտելու մասին և արտաքսել է դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատողին՝ ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարությունը կանչել է Շվեդիայի դեսպանին և նրան վճռական բողոք հայտնել Թեհրանի նկատմամբ Ստոկհոլմի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ։«Այդ հանդիպման ընթացքում մերժվել են Իրանի հասցեին Շվեդիայի անհիմն մեղադրանքները, ներառյալ այդ երկրի գործողությունները՝ կապված Ստոկհոլմում Իրանի դեսպանատան իրանցի դիվանագետներից մեկի  հետագա աշխատանքը խոչընդոտելու հետ», – նշվում է Իրանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն նաև Շվեդիայի դեսպանին հայտնել է, որ Թեհրանում այդ երկրի դիվանագետներից մեկն «ակնհայտ պատճառներով, որոնք պարզաբանվել են նրան, պետք է Իրանը լքի 48 ժամվա ընթացքում»։

Սեպտեմբերի 16-ին Շվեդիայի ԱԳ նախարարությունը կանչել էր Իրանի դեսպանին։ Գերատեսչությունում նրան հայտնել էին, որ Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցին առաջարկվել է լքել երկիրը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info