Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info