Արտակարգ դեպք Գյումրիում․ Վահան Տերյան փողոցում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված վիճակում գտնվող 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, ով այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած և շոկային վիճակում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info