Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն… «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:

Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով: Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները: Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:

Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար: Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info