Ինդոնեզիայի պահպանողական Աչեհ նահանգում երկու տղամարդու հրապարակավ մտրակել են այն բանից հետո, երբ իսլամական շարիաթի դատարանը նրանց դատապարտել է՝ իրար հետ սեռական հարաբերություն ունենալու համար, հայտնում է CNN-ը:
Տասնյակ մարդիկ հավաքվել են նահանգի գլխավոր քաղաքի՝ Բանդա Աչեհի այգում: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Աչեհում, Ինդոնեզիայի միակ նահանգում, որտեղ կիրառվում են շարիաթի օրենքները, մարդիկ մատրակվում են միասեռականության համար:
24 և 18 տարեկան տղամարդիկ մտրակի տասնյակ հարվածներ են ստացել: Յուրաքանչյուր 20 հարվածից հետո նրանց խմելու ջուր են տվել և մշակել են վերքերը: Նրանց ընդհանուր առմամբ հասցվել է 82 և 77 հարված:
Տղամարդիկ ձերբակալվել էին նոյեմբերին, երբ բնակիչները կասկածել էին, որ նրանք միասեռական են, և ներխուժել նրանց վարձակալած սենյակ, որտեղ տղամարդկանց բռնացրել էին մերկ և տարել շարիաթի ոստիկանություն: