Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շատ շուտով կավարտվեն. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանում լրագրողների հետ զրույցում։ Նա ժամանել է Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի նիստին։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ։ Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և բոլոր պայմանները կստեղծվեն Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է»,- ասել էր Ֆիցոն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» հակամարտությունը մինչև 2025թ. ավարտելու համար:

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ ռազմական գործողությունը կավարտվի միայն Մոսկվայի կողմից դրված նպատակներին հասնելուց հետո։