Ի՞նչ խոսակցություն է եղել Աշոտ Փաշինյանի ու զոհվածի մոր միջև մեքենայում․ փաստաբանները մանրամասներ են հայտնում

Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի՝ զոհված զինծառայողի մոր նոր փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք են՝ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հիշեցնենք, օրերս հայտնել էր, որ 3 պաշտպանները` ինքը, Վահան Հովհաննիսյանն ու Վահան Գևորգյանը այլևս չեն իրականացնում կալանավորված Գայանե Հակոբյանի` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր պաշտպանությունը, ով մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ: Ռուբեն Մելիքյանը չի մանրամասնել, թե որն էր պատճառը, նա միայն գրել էր. «Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է»։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին՝ հակադարձեց Ռուբեն Մելիքյանին՝ պնդելով, որ իրենք գտնում են՝ իրավական գործիքակազմը սպառված չէ։

«Ամբողջ խնդիրն այն է, որ Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել հանրային հարթակում։ Նա նստել է ավտոմեքենա ու դա եղել է նրա կամքով։ Գայանե Հակոբյանը իր բոլոր ցուցմունքներով, նաև առերեսման ժամանակ, հաստատել է հենց այս եղելությունը։ Մինչև այս պահը քննության փուլում որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել, որով հնարավոր կլինի Գայանե Հակոբյանի ասածների հակառակն ապացուցել։ Որևէ մեկը չի կարող ասել, որ նա առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել ու սա է հենց ամենակարևորը»,- նշեց Գեորգի Մելիքյանը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ է պատմում Գայանե Հակոբյանը, ի՞նչ խոսակցություն է եղել մեքենայում, փաստաբանը արձագանքեց․ «Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինն է հաստատել, որ նրանց վերջնակետը Եռաբլուրն է եղել, այսինքն՝ նրանք պիտի գնային Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը ինչից պիտի վախենար, երբ որ նույն Եռաբլուրում կան ոստիկանական անցակետեր։ Նրան, նրա կյանքին ու ազատությանը որևէ կերպ վտանգ չէր կարող սպառնալ։ Թեկուզ և կամքը անտեսելով ու Եռաբլուր հասցնելով, մեկ է, որևէ խնդիր չէր կարող լինել վերոնշյալի հետ կապված։ Աշոտ Փաշինյանի՝ հանցագործության մասին հաղորդման մեջ նշածը իրողությանը չեն համապատասխանում։ Դրանք առավելապես իրողությանը չեն համապատասխանում հենց Գայանե Մարտիրոսյանի ցուցմունքների ենթատեքստում։ Տիկին Մարտիրոսյանը փաստել է՝ գնում են Եռաբլուր, ցանկանում է, որ Աշոտ Փաշինյանը տեսնի որդու շիրիմը, որը որ իրենց շիրիմ է դարձել և այլն։ Այսինքն՝ այն պնդումները, թե տեղի ունեցածը կապված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ և այլն, դա իրողությանը չի համապատասխանում»։