Նոր Զելանդիայում հաջորդաբար մի քանի հզոր երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի լույս 26-ի գիշերը Նոր Զելանդիայում հաջորդաբար մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությանը և ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներին։

Հաղորդվում է, որ առաջին երկրաշարժը, որի հզորությունը եղել է 5,4 մագնիտուդ, գրանցվել է Դաննևիրք քաղաքի մոտ գտնվող Հոքս Բեյ շրջանում։ Որոշ ժամանակ անց դրան հաջորդել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ մեկ այլ երկրաշարժ։ Այս երկուսից հետո ստորգետնյա այլ ցնցումներ էլ են գրանցվել, սակայն դրանց ուժգնությունն ավելի թույլ է եղել։

Էպիկենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում ցնցումները բավականին զգալի են եղել։ Որոշ դպրոցներում ստիպված են եղել տարհանել երեխաներին, քանի որ երկրաշարժերը տեղի են ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամերին։

Այնուամենայնիվ, ցունամիի վտանգ չի հայտարարվել։