«Բոլորին խորհուրդ եմ տալիս երեխա ունենալ». Անի Խաչիկյան

Անի Խաչիկյանի հետ հանդիպեցինք երեւանյան հորդառատ անձրեւից հետո, վատ եղանակի պատճառով այդպես էլ չկարողացանք դրսում լուսանկարել նրան: Դերասանուհին եկավ յոգայի մարզումից ու հագեցած օրվանից հետո: Զրուցեցինք սարերից, պատերազմի թողած վերքերից, կինոյում հայտնվելու ճանապարհից ու փոքրիկ Տեսլայից, որն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը:

— Անի, ինչպե՞ս են բացվում Ձեր առավոտները:

— Տղայիս մանկապարտեզ ուղարկելով, իսկ եթե գործ եմ ունենում, ինքս եմ պատրաստվում ու դուրս գալիս: Երբեք չեմ նախաճաշում, քանի որ նախընտրում եմ թեկուզ հինգ րոպե ավելի քնել:

— Ինչպիսի՞ն էր մանկության Անին ու ի՞նչ է նա իր հետ բերել մեծերի աշխարհ:

— Չեմ կարծում, որ մեծացել եմ. ես այս սոցիումի օրենքների մեջ չեմ տեղավորվել: Հասունացել եմ, ավելի ամուր եմ դարձել ու ինձ չեն կարող նեղացնել: Բայց այն երեխան, որը պատրաստ է աշխարհն ընդունել ու պարտադրում է, որ այն էլ իրեն ընդունի ու գրկի, չի մեծացել եւ չի էլ մեծանա: Մեծերի աշխարհը շատ արհեստական է ու մեզ մեզնից հեռացնում է:

— Ո՞րն է գեղեցկության մասին Ձեր առաջին հիշողությունը:

— Մայրիկիս պեպեններն են. ինձ համար դրանք միշտ յուրահատուկ սիրուն են եղել:

— Վերջին մեկ տարին բավական բարդ ու դժվար էր: Դուք կարեւոր ի՞նչ եզրահանգումներ արեցիք Ձեզ համար:

— Հասկացա, որ պետք է չկորցնել ապրելու, սիրելու, կարեկցելու կարողությունն ու կյանքի հիմնարար արժեքները՝ չփոխվել, չկոտրվել ու չչարանալ: Իմ ներքին մարտահրավերն ու դրա հաղթահարման ճանապարհն այդ արժեհամակարգի մեջ էր: Երբ ապրում ես այդ աստիճանի մեծ սթրես, ինչպիսին մենք ազգովի ունեցանք, ինչ-որ պահի պաշտպանական ռեակցիա է առաջանում ու ամեն ինչին սովորական ես վերաբերվում, հարմարվում ես: Դրա պատճառով էլ կորցնում ես մարդուն կարեկցելու ու ապրումակցելու շատ կարեւոր զգացումը:

— Բայց իրականում այդպես էլ կա. չես կարող միշտ նույն ուժգնությամբ կարեկցել ու ցավ ապրել:

— Դժվար հաղթահարելի փուլերից մեկն էլ այն էր, որ ինձ համար սովորական չդառնա, որ երեխաները կարող են անտուն, անհայր ու առանց ապագա լինել: Պատերազմի առաջին օրվանից ինձ արգելել եմ լացել, բայց դա նրանից էր, որ պետք էր պինդ լինել:

— Իսկ ամենաբարդն անձամբ Ձեզ համար ի՞նչն էր:

— Եսասիրական կհնչի, բայց իմ անձնական հիշողությունների հետ կապված կորուստը՝ Քարվաճառի դարպասների փակվելը: Ճապոնացիներն անեծք ունեն՝ ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում, ու մենք սերնդեսերունդ բեկումնային փուլերով ենք անցնում: Չես հասցնում քո կյանքի օրակարգն ինքդ սահմանել, քո տեղն է որոշվում, ու չես հասկանում այդ ամենի մեջ ինչպես տեղավորվել:

— Մասնագիտական առումով տարին ինչպիսի՞ն է, գո՞հ եք կատարած աշխատանքից:

— Տարին հետաքրքիր է սկսվել ու ավելի լավ է շարունակվում, մասնագիտական հմտությունների ձեւն ավելի շատ դեպի թատրոն է փոխվել՝ տարբեր ներկայացումների, ռեժիսորների եւ ձեւաչափերի տեսքով: Նաեւ մանկական այբբենարանի հաղորդավարի կերպարով աշխատեցի, մյուս նախագիծը շուտով կլինի: Ոչ թե որպես դերասան Անի Խաչիկյան հանդես կգամ, այլ՝ քաղաքացի: Բավարարվածություն եմ ստանալու իմ կատարած աշխատանքից:

«Սաթէ-Աթղը» թատերական միությունն այս ամիս հանդիսատեսի դատին կներկայացնի Քզավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություններ» պիեսը, որը կանանց համար գրված մենախոսություններից կազմված ստեղծագործություն է։ Ես էլ դեր ունեմ այդ ներկայացման մեջ, այն թատրոնի ու կինոյի միաձուլում է:

— Դերասաններից մեկը կինոն համեմատել է ամառանոցի, իսկ թատրոնը՝ տան հետ: Ձեր դեպքում ամեն մեկն ի՞նչ տեղ ունի:

— Ինձ համար երկուսն էլ տուն են, թեեւ բավական տարբեր: Տարբեր բարդություններ ունեն, այլ հարց է, թե որ խնդիրներն ես ադապտացված հաղթահարելու: Ես երկու աշխարհն էլ սիրում եմ, դժվարություններից էլ եմ հաճույք ստանում: Անտանելի է գրիմով սպասել, երբ դեմքդ լույսերի տակ ծորում է, էներգիադ՝ սպառվում, բայց հենց դա է այդ աշխարհի մի մասը: Թատրոնում էլ միշտ պետք է միացած լինես ու կենտրոնացած, մարմնիդ ու ամբողջ մկանային համակարգիդ վրա աշխատես:

— Իսկ ներկայացումներից հետո հոգնածություն շա՞տ է լինում:

— Սպառված ես լինում, բայց բեմում այդ ամենը չես զգում, տրվում ես աշխատանքին: Կուլիսներում ես զգում, որ հոգնել ես: Հակառակն էլ է լինում՝ կարող ես հոգնած լինել ու բեմից լիցքավորվել: Մոգական ու հեքիաթային աշխարհ է, դերասաններն ու ռեժիսորներն առանց բեմի չեն կարող, նրանք ոչ թե ծափերի եւ ուշադրության, այլ խաղի կարիք ունեն: Փոքրիկ Անին էլ մեծերի աշխարհ չի մտել, քանի որ մինչեւ հիմա ուզում է խաղալ, պարզապես խաղի ձեւն է փոխվել: Բեմի մարդկանց շատ դժվար է այդ խաղից դուրս գալ, իրենք չեն էլ ուզում մեծանալ:

— Գուցե իրենց համար դա իրական կյանքում չապրելու տարբերա՞կ է:

— Որովհետեւ հասուն մարդկանց աշխարհում հստակ կանոններ կան՝ սովորել, ընդունվել, մասնագիտություն ընտրել, անպայման եկամտաբեր, գտնել աշխատանք, կին կամ ամուսին, ունենալ երեխա, հիփոթեքով տուն, մեքենա, վարկեր, չունենալ սոցիումի կողմից չընդունված կամ չտեղավորվող անձնական կարգավիճակ:

— Մասնագիտությունից խոսենք, կինոգետ եք, ինչպե՞ս դերասանուհի դարձաք:

-Պետք էր վճարել ինստիտուտի վարձը, այդ ժամանակ աշխատում էի խմորեղենի արտադրամասում, շատ ժամանակ էր խլում ու էներգիա, բավարար գումար չէի ստանում ու դասերին էլ չէի հասցնում հաճախել: Առաջարկ եղավ սերիալից, որն ամենալավը չէր, բայց շատ ժամանակ չէր խլում ու գումար էի վաստակում: Հետո նոր առաջարկներ ստացա, «Կյանք ու կռիվը» ճակատագրական դարձավ, ավելի շատ բացահայտեցի իմ դերասանական կարողությունները: Դրանից հետո եղավ թատրոնից հրավեր, ու հասկացա, որ այս տարածությունից դուրս գալ չեմ ուզում: Իրականում մասնագիտությունն է ինձ ընտրել:

— Դուք հումորային ֆիլմերում եք նկարվել եւ պատերազմի մասին, ինչպիսի՞ն են Ձեր կերպարները:

— Բնավորությամբ ու կյանքի պատմություններով իրարից շատ չեն տարբերվում: Կուզեմ բացասական կերպար մարմնավորել, մի անգամ եմ նման դեր խաղացել, չեմ ասի՝ իմ հաջողված փորձերից էր: Այդ դեպքում լրիվ այլ աշխատանք է տարվում դրամատուրգիայի, կերպարի կառուցման, ներքին մոտիվացիայի առումով:

— Ձեր կերպարները հիմնականում սիրունիկ, բարի կանայք են:

— Որոնցից ես արդեն հոգնել եմ, դա էլ է կլիշե: Ինդուստրիան ու ընդունված կարծրատիպերը քեզ մտցնում են մի ամպլուայի մեջ, որում որոշ ժամանակ հետո սկսում ես սատկել: Զարգացում չես ապրում, իհարկե, կարելի է նույնատիպ կերպարների մեջ էլ առանձնահատկություն գտնել, դրանում էլ դերասանի տաղանդն ու կարողությունը երեւում է, բայց ինչ-որ պահի ուզում ես նոր բան փորձել:

— Իսկ որո՞նք են Ձեզ համար հոգեհարազատ եղել, որ հաճույքով եք մարմնավորել:

— Որոնք ունեն շերտեր, որոնցում կարող ես ապրել, բացահայտել, պատմել ու զգալ: Չեմ ուզում ֆիլմերով ու դերերով համեմատել: Սերիալների ու սիթքոմների կերպարները լրիվ ուրիշ են, դրանք մարմնավորելու համար դերասանական ամբողջ կարողությունը պետք չի ներդնել: Նման գործերի կարիք էլ կա, քանի որ հանդիսատեսը չպետք է քեզ մոռանա. ոչ բոլորն են գնում թատրոն կամ կինո: Արդեն 6 տարի կլինի բազմասերիանոց սերիալներում չեմ խաղում, բայց կարճ նախագծեր ժամանակ առ ժամանակ պետք են:

— «Անհայտ բաժանորդի» վերջաբանը եթե Դուք գրեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք: Ֆիլմում ամեն ինչ դրական ավարտ է ունենում:

— Ինձ համար այս աշխարհում ամեն ինչ ընդունելի է ու նորմալ, բացի ստից, որովհետեւ դա իմ ազատության սահմանափակումն է: Երբ ինձ խաբում են, իմ իրականությունը շեղում են, ինձնից վերցնում են իմ ապրելու իրավունքն ու ազատությունը: Ավելի լավ է ինձ դավաճանեն կամ սպանեն, քան այդպես վարվեն:

— Բայց մի՞թե ինքներդ երբեք չեք ստում, դժվար է այդպիսի մարդ գտնել, ես էլ բացառություն չեմ:

-Ես տանել չեմ կարողանում այն մարդկանց, որոնք ինձ վրա այն աստիճանի ճնշում են գործադրում մանիպուլյացիաների ձեւով, որ պետք է ստիպված լինեմ սուտ ասել: Քանի որ թեման ֆիլմից սկսվեց, ինչո՞ւ այսքան շատ դավաճանություններ ու ամուսնալուծություններ կան, որովհետեւ ստիպված տեղավորվում ենք արժեհամակարգերի մեջ: Չես հասցնում ինքդ քեզ ճանաչել, քո ցանկությունները, իրական վախերն ու երազանքները, ընկնում ես այդ մոդելի մեջ: Ամուսնանում ես առանց իմանալու, որ դու իրականում ընտանիքի մարդ չես, առանց հասկանալու, որ դեռ չես հասունացել, բայց ընտանիք ես կազմում, քանի որ այդպես է պետք: Մեզ չեն թողնում ապրել ու հասկանալ, թե ով ենք մենք առհասարակ: Սկսում ենք հասկանալ, որ շատ բաներ մեզ դուր չեն գալիս ու արդյունքում սկսում ենք ստել, դավաճանել, մեր էությունն ենք դրսեւորում: Այդ ամենը թաքուն ենք անում, շատ ստորացուցիչ է, որ չես կարող ինքդ քո ու մարդկանց հետ անկեղծ լինել: Հասկանում ես, որ ոտքերդ սիրուն են ու ուզում ես կարճ հագնել, բայց քեզ չեն թողնում, ու թաքուն ես անում: Տնից դուրս գալուց հետո են կարճացնում, բոլոր աղջիկներն էլ արել են այդպես:

— Դո՞ւք էլ կաք նրանց շարքում:

— Ես ուսանողական տարիներին ինձ հետ հագուստ էի վերցնում ու փոխում ինստիտուտում՝ խոսակցություններից խուսափելու համար: Ինձ ազատ ու լավ էի զգում, բայց ի վերջո ստորացված էի: Տանել չեմ կարողանում, որ իմ էությունն արտահայտելու համար ստիպված եմ լինում ստել:

— Քանի որ Կաննի կինոփառատոնն է այս օրերին ընթանում, կուզեի իմանալ, թե փառատոններից ո՞րն է հոգեհարազատ Ձեզ:

-Վա՜յ, այնքան հետ եմ մնացել կինոաշխարհի այդ տարածությունից, չեմ հիշի՝ վերջին անգամ ինչ կինո եմ նայել: Ժամանակս իսկապես չի հերիքում, առավելագույնը հասցնում եմ գիրք կարդալ: Ես էլ Կանն եմ սիրում, հետո՝ «Ոսկե ծիրանը», շատ լավ հուշեր ունեմ:

— Իսկ դերասաններից ո՞ւմ խաղը որքան էլ նայեք, չեք հոգնի:

-Վերջերս ինձ համար Ջեսիկա Չեսթեյնին եմ բացահայտել, նրա ֆիլմերը շատ եմ հավանում, վերջին շրջանի իմ ֆավորիտը նա ու Մեթյու Մակքոնահին են: Հին դպրոցից շատերը կան, որոնք անփոխարինելի են:

— Իսկ ինչի՞ պատճառով ժամանակը չի բավականացնում՝ երեխայի՞, աշխատանքի՞:

— Բոլորը միասին: Հնարավոր չէ այս գրաֆիկով ապրել, ինձ համար էլ ժամանակ չեմ գտնում: Եթե մի քիչ ազատ ժամանակ է լինում, քնում եմ, կամ երկար հանգստի դեպքում աշխատում քաղաքում չլինել. գնում եմ սարեր: Մի բան ինձ համար պարտադիր անում եմ՝ յոգայի եմ գնում:

— Ասացիք՝ գրքեր կարդում եք, ի՞նչ կա հիմա ձեռքի տակ:

— Ամեն տեղ հետս գրքեր եմ տանում ու թերթում: Տանը գրքերի մեծ շարք ունեմ, մի քանիսը մինչեւ կեսը կարդացել եմ ու որոշակի պահի շարունակելու եմ: Հիմա Հովիկ Աֆյանի «Կարմիրն» եմ կարդում, քանի որ միասին միջոցառում ենք վարելու: Դրան զուգահեռ էլ պիեսներ ունեմ, որոնք պետք է անգիր սովորեմ:

— Իսկ մի քիչ կպատմե՞ք Ձեր որդու՝ Տեսլայի մասին, ի՞նչ բերեց նա Ձեր կյանք:

— Բերեց իրական սեր, հասկացա, որ մեր կյանքում եղած սերն իր բոլոր դրսեւորումներով համեմատության ոչ մի եզր չունի մայրական սիրո հետ: Այն, ինչ անում է մայրն իր երեխայի համար՝ այդ աստիճան անշահախնդրություն, նվիրում առանց ակնկալիքի, դու ուղղակի սիրում ես, ու վերջ: Ուրիշ մարդ ես դառնում՝ տիեզերական անսահմանության մի մասը: Կյանք տալու շնորհիվ քեզ նորովի ես ճանաչում, գժվելու բան է (ծիծաղում է,-հեղ.): Բոլորին խորհուրդ եմ տալիս երեխա ունենալ:

— Տեսլան գիտնականի անուն ունի, իսկ գիտական հայտնագործություններից ո՞րն եք համարում ամենայուրահատուկը:

— Երբեք չեմ մտածել դրա մասին, երեւի ձգողականության օրենքը: Մեր տիեզերքը մինչեւ վերջ բացահայտված չէ, մարդը դրան պատրաստ չի: Ինձ համար գիտականներն ամենամեծ երազողներն են, նրանց միտքն այնքան ազատ ու անեզր թռիչքի մեջ է եղել, որ կարողացել է նոր բան հայտնագործել:

— Արշավների սիրահար եք, ի՞նչ տեղեր եք բացահայտել Ձեզ համար:

-Արագածն ու Խուստուփը, այդտեղ ուրիշ հարթության մեջ եմ, մաքուր իմ ներքին աշխարհի հետ, ինքս ինձ հետ, որտեղ չկան կեղծ օրակարգեր, դժբախտությունների ու երջանկությունների փաթաթանը: Կա այն աշխարհն ու կյանքը, որը տրված է: Ուղղակի վայելում եմ այդ անսահման սիրունությունը: Նայում եմ վերեւից ու հասկանում, թե ներքեւում որքան փոքր ենք ու մեր բոլոր մտածմունքներն՝ անհեթեթ: Սարերի մասին խոսելիս միշտ հուզվում եմ:

— Իսկ որտե՞ղ եք ցանկացել գնալ, բայց այդպես էլ չեք հասել:

-Աժդահակում չեմ եղել, բայց շատ եմ ուզում, լեռների մեծ շարք ունենք, որոնք չեմ բարձրացել, օրինակ՝ Սյունիքի լեռները:

— Ո՞ւր կուզեիք Ձեր որդու հետ գնալ:

— Նեպալ, բայց նախ շատ կուզեմ ցույց տալ Հայաստանը, նա բավական շրջել է 2,8 տարեկան երեխայի համար: Կուզեմ՝ մեր երկիրն ու լեռները տեսնի, սար կբարձրացնեմ, որ վերեւից նայի աշխարհին:

— Անի, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողքի տղամարդը:

— Վո՜ւյ, այս վերջերս մտածել էի՝ ինչպիսին պետք է լինի, բայց մոռացել եմ, մի րոպե (ծիծաղում է,-հեղ.): Պետք է կարողանա հաղթահարել մեզ միասին հանդիպող դժվարությունները, պատրաստակամ լինի ներդրում անել հարաբերությունների մեջ: Իմ տեսակով կարող եմ ցանկացած բան հաղթահարել, բայց տղամարդիկ իրականում ավելի թույլ են հոգեբանորեն: Իմ մարդը պետք է հաստատ սարեր սիրի, նույն արժեհամակարգն ունենա, աշխարհին նայի այն տեսադաշտից, ինչ ես: Չի կարող ասել, որ էլ չեմ նկարահանվելու ու տան կին եմ դառնալու: Բայց կարեւորը՝ դժվարություններից չփախչի ու ճանապարհի կեսից չգնա:

— Նախկինում մազերի հետ փորձարկումներ շատ էինք անում, հիմա էլ՝ չէ:

-Ուժեղ անցում էր տղամարդկանցից մազերին (ծիծաղում է, -հեղ.): Հիմա այս սանրվածքն էլ փորձարկում է, իմ բնական գույնով եմ ու երկար մազերով: Ուզում էի աղջկական կերպար ստանալ գործի համար, երկար մազերով ավելի շատ բան ես կարողանում անել: Առաջիկայում էլի կտրուկ փոփոխություն կլինի, մի քանի տարբերակ կա, բայց դեռ չգիտեմ՝ որը կանեմ: Չեմ կարող երկար ժամանակ նույն ձեւ լինել:

— Ի՞նչը վերանայել:

— Մանկությունը. այնտեղ են բոլոր պատասխանները:

— Ի՞նչը բաց թողնել:

— Վիրավորանքները:

— Վերցնել:

— Սերը:

— Նորից կարդալ:

— Ինքդ քեզ:

— Ո՞ւր գնալ:

— Սարեր:

-Ինչի՞ համար չարժե արտասվել:

-Այն ամենի, ինչը մնացել է անցյալում:

— Ի՞նչը սիրել:

-Կյանքը:

— Համտեսել:

— Ինչ երբեք չեք փորձել: Սեր համտեսեք (ծիծաղում է, -հեղ.):