ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեմս Գիլմորը քննադատել է Ադրբեջանի իշխանությանը, ասելով, որ Բաքուն համաճարակի դեմ պայքարի պատրվակով հետապնդում է ընդդիմադիր գործիչների, հետապնդում է լրագրողների, սահմանափակում է ազատություններ: «Ադրբեջանի իշխանությունները նաև փորձում են ահաբեկել ու պատժել բոլոր նրանց, ովքեր ավելի շատ թափանցիկություն են պահանջում կառավարությունից կամ փորձում են գործի դնել ազատ խոսքի ու հավաքների իրենց իրավունքը», ասել է Գիլմորը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը քաղաքական գնահատական է եւ վերաբերմունք Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին, որ «մերկացել» է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին հայկական կոշտ հակահարվածից հետո:
Այդ հակահարվածը գործնականում բացել է Ադրբեջանի իշխանության հարցը, որը աշխուժորեն քննարկվում է ռուս-թուրքական տիրույթում: ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այդ իմաստով ազդակ է, որ Նահանգները հետեւում է այդ քննարկումներին: Այն, որ ԱՄՆ ճանաչեց Հայաստանի հակահարվածից հետո բացված հարցը, պարզ դարձավ Երեւանում ԱՄՆ դեսպանի վարքագծից, որը Տավուշի իրադարձություններից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն էր, իսկ նրանից հետո՝ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի:
Տավուշից հետո ԱՄՆ հանդեպ դժգոհություն էր թե Բաքվի, թե Անկարայի մոտ: Սակայն, այդ դժգոհությունն ըստ ամենայնի հաշվի առնված չէ, եւ ԱՄՆ հակված է Բաքվում իշխանության փոփոխության սցենարին, թեեւ անմիջականորեն չի միջամտում դրա շուրջ ռուս-թուրքական քննարկումներին:
Նահանգներն իրավիճակը դիտարկում է ռեգիոնալ լայն համատեքստով, Բաքվի իշխանության խնդիրը համարելով իր համար փոքր կալիբրի խնդիր: ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հարցերի կոմիտեն դիմել է ԱՄՆ արտաքին հետախուզությանը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մոնիտորինգ-զեկույց ներկայացնելու համար՝ հրադադարի խախտման, սադրանքների պատմությունը վեր հանելու տրամաբանությամբ:
Դրան զուգահեռ, Երեւանը Տավուշից հետո վեր է հանում Վիեննայի օրակարգի՝ հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայման հարցը, որը ապրիլյան քառօրյայից հետո առաջ էր բերվել ԱՄՆ նախաձեռնությամբ, սակայն չեզոքացվել ռուս-ադրբեջանական ջանքով, օգտագործելով նաեւ Հայաստանի քաղաքական իշխանության ներքին խնդիրները, որոնք զարմանալիորեն սրությամբ դրսեւորվեցին հենց Վիեննայի օրակարգը առաջ բերելուց կարճ ժամանակ անց:
ԱՄՆ կոնգրեսի նախաձեռնությունը գործնականում կարող է լրացնել Վիեննայի օրակարգի փաստարկային բազան: Բաքվում իշխանության հարցի առկայությունը հնարավոր է պատեհ պահ է օրակարգը պնդելու համար, ինչը կարող է նաեւ աջակցություն ստանալ Ադրբեջանի ներիշխանական կուլիսներում: Այնտեղ գոհ կլինեն, եթե հաջողվի պարտադրել օրակարգը Ալիեւի ձեռքով, այդպիսով ծանրացնելով նաեւ նրա հեռանալու «քեյսը»:
Կխանգարի՞ Ռուսաստանն այս անգամ: Կկարողանա՞ թուլացող Մոսկվան երկարաժամկետ իմաստով զսպել Անկարային, եթե հրաժարվի դա անելու ամերիկյան օգնությունից: