Անհնար է հաղթել տեղեկատվական պատերազմում, քանի դեռ իշխանությունները հիմնավորում են թշնամու նպատակների օբյեկտիվությունը․ բացառիկ հարցազրույց Արմեն Այվազյանի հետ

Արմեն Այվազյանը բազմավաստակ գիտնական է, պատմագիտության թեկնածու, քաղաքագիտության դոկտոր։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, նաև մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ Այվազյանը 1994 թվականից զբաղվում է գիտական ու հասարակական գործունեությամբ, դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն հայաստանյան առաջատար բուհերում, այլև արտասահմանյան համալսարաններում, ինչպես նաև Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում։  Ի դեպ, վերջերս Արմեն Այվազյանը ընթերցողի դատին ներկայացրեց իր հեղինակած «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» բացառիկ աշխատությունը, որի շուրջ հանդիպում և զրույց կայացավ սեպտեմբերի 13-ին, Երևանում՝ Արևահովիտ կազմակերպության գրասենյակում։

Ձեզ ենք ներկայացնում Արմեն Այվազյանի՝ ԼՈՒՐԵՐ․com-ին տված բացառիկ հարցազրույցը։

Պարոն Այվազյան, ադրբեջանական զինուժը կրկին դիմել է ռազմական սադրանքի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխան տարածքը, թիրախավորելով ՀՀ մի շարք բնակավայրերի՝ Կապանի, Գորիսի, Սոթքի, Վարդենիսի, Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքները։ Ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։ Ըստ ձեզ, խաղաղության մասին խոսակցությունները, այդ թվում՝ պաշտոնական մակարդակում, մի՞ֆ էին, կանխատեսելի՞ էր նոր էսկալացիան։

Ա․Այվազյան — Սա կանխատեսելի էր ոչ միայն 2020 թ․ պատերազմի ավարտից հետո, այլ սրանից 25-30 տարի առաջ, ինչ ավարտվել է 1991-1994 թթ հայ-ադրբեջանական պատերազմը։ Դրանից հետո հասկանալի էր, որ եթե Հայաստանը հող է զիջում Ադրբեջանին՝ լինի դա ռազմական ճանապարհով, պարտություն է կրում ռազմաճակատում, թե կլինի խաղաղ բանակցությունների արդյունքում, հետևանքը լինելու էր նույնը, այսինքն՝ Ադրբեջանը ոտքը դնելու էր այդ հողի վրա և սկսելու էր հաջորդ հարձակումը։ Մեր հանձնած յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը, քառակուսի մետրը դառնում է Ադրբեջանի համար հենադաշտ, որից նա սկսում է իր հաջորդ հարձակումը՝ թիկունքում ունենալով Թուրքիային։ Եվ սա չհասկացան մեր քաղաքական վերնախավի բոլոր ղեկավար գործիչները։

Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին ԱԽ-ին․ սա կարելի է աննախադեպ համարել, քանի որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանը նման կտրուկ ու վճռական քայլերի չի դիմել։ Դուք որևէ հույս ունե՞ք, որ միջազգային հանրությունը, Հայաստանի գործընկերները էական միջամտություն և օգնություն կցուցաբերեն։

Արմեն Այվազյան — Այսպես կոչված միջազգային համայնքի դերակատարները հրաշալի գիտեին, որ Ադրբեջանը պետք է դիմի նման ագրեսիայի։ Ի՞նչ է, նրանց հետախուզությունը չէ՞ր աշխատում Ադրբեջանում, կամ նրանց արբանյակները, որ հետևում են զորքերի ամեն խոշոր տեղաշարժին։ Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց ամիսներ առաջ սկսեցին ահազանգ հնչեցնել, որ գիտեն այդ վտանգի մասին, իսկ մեր դեպքում ոչ մի ձայն չհանեցին, կարծես անակնկալի են եկել բոլորը։

Ոչ ոք անակնկալի չի եկել, բոլոր գլխավոր դերակատարները հրաշալի գիտեին, որ Ադրբեջանը դիմելու է ագրեսիվ քայլերի, բոլորը տեղյակ էին Հայաստանի այսօրվա ծանր իրավիճակի մասին, սակայն մատը մատին չեն խփել՝ կանխելու համար ներկա զարգացումները։ Սա լավատեսություն չի ներշնչում, կարծես հուշում է, որ այդ դերակատարների համար նման զարգացումներն առնվազն ընդունելի են, եթե ոչ՝ ողջունելի։ Մենք միայնակ ենք և հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա։ Իհարկե, կան այնպիսի ուժեր, որոնք մեզ կօգնեն, եթե մենք ինքներս դիմենք արդյունավետ ինքնապաշպանական գործողությունների։ Այդպիսի ուժերից է այսօրվա դրությամբ Իրանի իսլամական հանրապետությունը։

Ընթերցողի սեղանին է ձեր հեղինակած «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» արժեքավոր աշխատությունը։ Նկատի առնելով թեմայի ընդգրկվածությունը, կարևորությունը, բազմաշերտությունը՝ ընդհանրացրեք, խնդրեմ, գրքի գլխավոր ուղերձները։

Արմեն Այվազյան — Առաջին անգամ այս ուսումնասիրության մեջ համալիր կերպով ուսումնասիրության են ենթարկված 17-18-րդ դարերի արևելահայության ժողովրդավարության հիմնական բաղադրիչները, ցուցանիշները՝ թվաքանակը, բնակչության տարածքային տեղաբաշխվածությունը, բնակչության խտությունը, միգրացիաները, բռնագաղթերը, էթնիկական գործընթացները, մասնավորապես և հատկապես՝ մահմեդականացման գործընթացը, որը այն ժամանակ կոչվում էր «թուրքացում»։ Թուրքացում ասելով՝ հասկանում էին, որ մարդն ընդունել է իսլամ, իր ցանկությամբ հեռացել է հայկական ինքնությունից։ Իսլամ ընդունածն այլևս կորած էր հայ ազգի համար։

Գրքի երկրորդ մասը նվիրված է 1720-ականներին կազմավորված հայկական զորքերի թվակազմին, նրանց որոշ մարտական գործողություններին, կազմակերպական կառուցվածքին, հրամանատարական աստիճանակարգին և այլն։ Եվ այս կապը՝ ժողովրդագրության և զորքի թվակազմի միջև, կարևոր է, մի կողմից՝ զորքի թվակազմը օգնում է ճշտել բնակչության թիվը՝ ունենալով որոշակի բանաձևեր (որոնք առաջարկել եմ գրքի մեջ և որոնք հաստատվում են բազմաթիվ օրինակներով), և հակառակը՝ եթե մեզ հայտնի է բնակչության թիվը, ապա կարելի է դրանից արտածել զորքի թվակազմը։

Ահա այս և զուգահեռ խնդիրներն էլ ներկայացնում են այս բավականին բարդ հետազոտության բովանդակությունը։ Նորույթը այս աշխատության մեջ շատ է, և, բնականաբար, այդ նորույթն առաջացնում է նորանոր հարցեր, որոնք հետագա քննության առարկա են լինելու և ինձ, և, համոզված եմ, ուրիշ շատ գիտնականների համար։

Անցյալին հայացք գցելու, պատմաքաղաքական դիպվածները վերլուծելու, համապատասխան հետևություններ անելու ձեր գիտական ջանքերը նաև արդիական ու ապառնի նշանակություն ունեն․ ներկայացված փաստերը գալիս են մերժելու ադրբեջանական պատմագրության կեղծ թեզերը, օգնում իրազեկված լինել և արդյունավետորեն պայքարել թշնամու վարած տեղեկատվական պատերազմի դեմ։ 

Արմեն Այվազյան — Իհարկե, աշխատությամբ հատուկ ուշադրություն է դարձվել այդ հանգամանքին, քանի որ գիտենք ադրբեջանական գլխավոր թեզերից մեկն այն է, որ այստեղ եղել է ոչ թե Հայաստան, այլ արևմտյան Ադրբեջան, Երևանը եղել է ոչ թե հիմնականում հայերով բնակեցված քաղաք, այլ, իրենց պնդմամբ, իբր, մահմեդականներով կամ, ինչպես իրենք են ասում՝ ադրբեջանցիներով, թեև այդ ժամանակ ադրբեջանական էթնոս գոյություն չուներ, այն 20-րդ դարում է սկսել ձևավորվել և այդ էթնոսի կազմավորման գործընթացն առ այսօր էլ շարունակվում է։

Այս լույսի ներքո՝ թշնամու հետ տեղեկատվական պատերազմում ի՞նչն է պակասում մեզ, որտե՞ղ են մեր գլխավոր բացթողումները։

Արմեն Այվազյան — Մենք տեղեկատվական պատերազմին չենք մասնակցում պետականորեն, սա՛ է խնդիրը։ Հայ ժողովուրդն այսօրվա դրությամբ գրեթե պետականազուրկ ազգ է և այդպիսի թույլ կազմակերպվածությամբ, երբ քո իշխանությունները հաճախ ոչ թե ազգի կենսական շահերն են պաշտպանում, այլ պարբերաբար հիմնավորում թշնամու նպատակների «օբյեկտիվությունը», այդպիսի պայմաններում անհնար է հաղթել տեղեկատվական պատերազմում, որքան էլ մենք ունենանք նվիրված մտավորականներ, նվիրված սփյուռքահայ կազմակերպություններ, գործիչներ, լոբիստներ։  Առանց պետական անմիջական միջամտության, առանց այս ուղղությամբ պետական հիմնարկների ամենօրյա աշխատանքի, այս բնագավառում միշտ էլ տանուլ ենք տալու։

Զրուցեց՝ Արա Ալոյանը