61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական. Արցախից տեղեկացնում են

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Հուլիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ը արտակարգ: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքերից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը ավտոմեքենայում:

Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 3 դռան բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, փրկարարները ժամանակին մեկնել են պատահարի վայր, տուժած քաղաքացիներին ցուցաբերել առաջին օգնություն և համագործակցելով շտապ օգնության հետ, տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություններ: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը հայտնաբերել ու թունավոր սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական և գնդիկաբեկորային 4 ավիառումբ:

Բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱԻ պետական ծառայությունը իրականացնում է շուրջօրյա ուժեղացված ծառայություն, ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարեք՝ 911, 101, 112 հեռախոսահամարներով: