Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Պաշտպանների միջնորդության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին »։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։ Ի թիվս այլնի, մասնավորապես՝ մատնանշվել է, որ Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ խաղաղ հավաքների ազատության համատեքստում հավաքին մասնակցությունը գրավիչ դարձնելը, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու եղանակով բացառելու որևէ նպատակ, իսկ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Սահմանադրությամբ նման նպատակի բացակայությունը վկայում է օրենքի լեգիտիմ չլինելու մասին։

«Նման նպատակի մասին կարող էր վկայել միայն, եթե հանցակազմը պարունակեր հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ստիպելու տարր, ինչը նաև հաշվի է առնվել այս հոդվածի փոփոխության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միացյալ հրատապ կարծիքում, որում վերջինները պնդել են, որ «հավաքները խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու համար նախատեսված պատժատեսակները, ըստ երևույթին, համահունչ են խաղաղ հավաքների ազատության Ուղեցույցին»։ Բանն այն է, որ հոդվածի փոփոխության վերաբերյալ նշված կառույցներից կարծիք հայցելիս օգտագործվել է «to make a person participate» ձևակերպումը, ինչը վկայում է հարկադրանքի տարրի մասին, սակայն հայերեն տարբերակում՝ օրենսդրական ձևակերպման մեջ, այս տարրը բացակայում է։ Ստացվում է, որ օրենքի փոփոխության հեղինակները մոլորեցրել են նշված միջազգային կառույցներին», — հավելում է Վարազդատ Հարությունյանը։

Պաշտպանները նշում են նաև, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

Ըստ այդմ՝ միջնորդությունը և դրանում արտահայտված դիրքորոշումները չեն կարող մեկնաբանվել որպես Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ հաստատումներ, հետևաբար՝ բուն արարքը, որը մեղսագրվում է Ավետիք Չալաբյանին, դուրս է միջնորդության բովանդակությունից։ «Իրականում միջնորդությունը լուծում է ոչ միայն Ավետիք Չալաբյանին ապօրինի քրեական հետապնդումից պաշտպանելու խնդիր, այլ նաև՝ ուղղված է հակասահամանադրական այս հոդվածի կիրառությունը այլ անձնանց նկատմամբ հետագայում բացառելուն», — նշեց պաշտպան Ա․ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։

Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ