«Շատ շտապ հարկավոր է այս շարժումը վերածել ազգային – ազատագրական, արցախյան շարժման, իսկ եթե ոչ` դատապարտված ենք կործանման». Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Այսօր վաղ առավոտից մեր բազմահազար քույրերը և եղբայրները Երևանում դուրս են եկել փողոց պայքարի: Շատ շտապ հարկավոր է այս շարժումը վերածել ազգային – ազատագրական, արցախյան շարժման, իսկ եթե ոչ` դատապարտված ենք կործանման: Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա և փոխանցի իշխանությունը ընդդիմության լիդերներից մեկին, որպեսզի հնարավոր լինի անցումային կառավարություն ձևավորել, և շատ լուրջ դիվանագիտական առաքելություն իրականացնել: Սա է այս իրավիճակից միակ փրկության բանաձևը, էլ տեղ չկա, արդեն նահանջի տեղ չկա: Վերջին բրյուսելյան հանդիպմամբ, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված Ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը վերացնում է Արցախի Հանրապետությունը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արդեն իսկ Հայաստանի իշխանությունների նոր պաշտոնական քաղաքականությունն է, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հայ ազգը պետք է կանգնեցնի նման քաղաքականություն վարող պետական համակարգի աշխատանքը: Հարկավոր է պետական համակարգին ստիպել հրաժարվել իրենց ազգակործան աշխատանքից: Պետք է աշխարհին ցույց տալ, որ անգամ եթե այս իշխանությունները ինչ որ բան ստորագրեն, կամ ինչ – ինչ համաձայնության գան Ադրբեջանի հետ, հայ ազգը հետ չի կանգնելու իր շահերից, համարելու է դրանք առոչինչ ու պայքարելու է Հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ինքնիշխանության համար: