Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:

«Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանը կառուցողական մոտեցման կարիք ունի: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։

Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։

«Նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ ՝ համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար: Այս մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ։

Օրակարգում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմ» կամ «վեց պլատֆորմ» ստեղծելու մեր առաջարկն է: Մենք առաջարկել ենք այստեղ ներառել նաև Վրաստանը: Եթե ​​նման հարթակ կազմակերպվի, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կդառնա», – ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է կառուցել երկաթուղիներ, մայրուղիներ, «որոնք կմիացնեն երկրները, եւ այդպիսով բազմաթիվ խնդիրներ կհաղթահարվեն»:

«Մենք այդ հարցերը քննարկեցինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնության եկանք: Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույնպես: Իրանի նոր նախագահի հետ ևս մենք այդ թեման կքննարկենք», – ասել է Էրդողանը: