«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն համատեղ ջանքերով կվերականգնեն Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ռուսական vz.ru լրատվականը։

«Երեկ մենք շրջեցինք Լեռնային Ղարաբաղում և տեսանք, թե 30 տարվա հակամարտությունից հետո ինչպիսի ավերածություններ են եղել, սակայն Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ», — ասել է Էրդողանը և հավելել, որ հակամարտության կարգավորումը համագործակցության հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի համար։

Նա նշել է, որ Անկարան իր բոլոր հնարավորություններով Բաքվի կողքին է և այդպես է լինելու նաև «վաղը»։

Minval.az-ի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում իր ելույթի ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը։

«Այս քաղաքում ապրել են մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլին, Բյուլբյուլը, Նաթավան և այլ բանաստեղծներ։ Այսօր Շուշան (Շուշի) վերակենդանանում է և այս հարցում Շուշան (Շուշի) Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին», — ասել է Թուրքիայի նախագահն ու նշել, որ հաջորդ տարի այն թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք դարձնելը պատիվ կլինի իրենց համար:

Բացի այդ, նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև այդ միջանցքի նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ նրա` այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:
Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

«Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», — ասել է Էրդողանը: