ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի երկու բնակավայրեր ջրով ապահովելու համար ջրագծերի անցկացման վերականգնողական աշխատանքների անվտանգությունը:

«Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերում ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ են ընթանում», — ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Նշվում է, որ մոտակա ջրատար կայանը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

«Պատերազմից հետո մենք այդ երկու գյուղերում ջրամատակարարման խնդիր ունեինք, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։ Շատ օպերատիվ արձագանքեցին, շատ շնորհակալ ենք դրա համար», — ասել է Հովհաննիսյանը։

Մասնավորապես, անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննել են հարակից տարածն ու պայթյունավտանգ առարկաների որոնում կատարել, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարի փոխարինումից հետո Ղարաբաղի երկու գյուղերի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։