Արդյունքը նախապես հայտնի է. ի՞նչ չի լինի Ժնևի գագաթնաժողովից հետո

Միջազգային հանրության ու փորձագետների ուշադրությունը գամված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի առաջիկա բանակցություններին: Վերլուծաբանները կանխատեսում են, թե այդ հանդիպման արդյունքում ինչ փոփոխություններ կլինեն։ Մինչդեռ ՌԻԱ Նովոստիի հեղինակը մտորում է՝ ինչ պետք չէ ակնկալել այդ բանակցություններից։

Արդեն վաղը Ժնևում Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ հերթական նախագահի հետ։ Ջո Բայդենը ՌԴ նախագահի համար կդառնա Սպիտակ տան տերերից թվով հինգերորդ զրուցակիցը։ Երկու տասնամյակում Պուտինը տասնյակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահների հետ (ամենից հաճախ նա գործ է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի հետ), սակայն ԱՄՆ ղեկավարների յուրաքանչյուր փոփոխության հետ երկու երկրների հարաբերությունները միայն վատացել են: Այո, Բուշն ասում էր, որ տեսել է Վլադիմիր Պուտինի հոգին, իսկ Բայդենը ապամարդկայնացնում է Ռուսաստանի նախագահին. հոգին չեմ տեսնում, մարդասպանի եմ տեսնում, բայց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վատացել է՝ անկախ ամերիկյան նախագահների ազգանունների փոփոխությունից (Թրամփի կազուսը, որը պատրաստվում էր «Պուտինի հետ լեզու գտնել», միայն ընդգծեց դա)։ Պատճառն այն է, որ փլուզման եզրին հայտնված Ռուսաստանը վերականգնվել է, իսկ ուժեղ ու անկախ տերությունը, որը վերջին երեք դարերի ընթացքում լրջագույն կերպով ազդել է համաշխարհային գործերի վրա, պետք չէ նրանց, ովքեր իրենց գլոբալ աշխարհակարգի ճարտարապետներ և շինարարներ են համարում։

Առավել ևս այն պայմաններում, երբ ինքնանշանակ ճարտարապետի իրավասությունն ու լիազորությունները ավելի ու ավելի հաճախ կասկածի տակ են առվում, ընդ որում՝ ոչ միայն աշխարհում, այլև հենց տանը։ Իսկ ճարտարապետը որպես իր հեղինակության պահպանման միջոցներից մեկը ընտրել է հակառակորդի դիվականացումը, խոսքը Ռուսաստանի և անձամբ Պուտինի մասին է։ 2013-ից հետո (Սնոուդենի փախուստն ու Սիրիային հարվածելուց ամերիկացիների հրաժարվելը) Արևմուտքում Պուտինին դարձրին գլխավոր համաշխարհային չարագործ՝ Ուկրաինան ու Սկրիպալները, կիբեռգրոհներն ու Նավալնին միայն «ժողովրդավարության գլխավոր սպառնալիքի» կերպարն ամբողջականացնելու նոր գծեր էին։

Թրամփի «ռուսական կապերի» ու «ամերիկյան ընտրություններին միջամտելու» հետ կապված ֆանտասմագորիկ պատմությունը լավագույնս ցույց է տալիս ամերիկյան իսթեբլիշմենթի՝ իր և աշխարհի, Ռուսաստանի և Պուտինի մասին պատկերացումների ոչ ադեկվատ լինելը։ Այս պայմաններում ի՞նչ կարող է տալ վերևներում կայանալիք հանդիպումը։

Երկխոսություն հանուն երկխոսության. այո, դա արդեն քիչ չէ, հատկապես այն պայմաններում,երբ երկու երկրների հարաբերություններն ապամոնտաժվել են մինչև 80-ականների սկզբի, այսինքն՝ սառը պատերազմի վերջին սառնամանիքների մակարդակը։ Պարզ շփման պակասը, այսինքն՝ խոսակցությունների ու բանակցությունների պակասն իսկապես կա, և երկխոսության վերսկսումը կարելի է միայն ողջունել։ Այո, դա կլինի շատ ծանր ու ոչ արդյունավետ երկխոսություն: Բայց, ինչպես ասում են, չեղածից լավ է։

Ե՛վ Կրեմլը, և՛ Սպիտակ տունը բազմիցս ընդգծել են, որ Ժնևի գագաթնաժողովի հետ կապված ոչ մի պատրանք ու հույս չունեն, և դա ճիշտ է: Թեև ինքնըստինքյան նման նվազեցված ակնկալիքներն ակամայից նպաստում են, որ հետո նույնիսկ շատ համեստ արդյունքները որպես հաջողություն ներկայացվեն։ Բայց այստեղ արդեն խոսքն առաջին հերթին ամերիկյան ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությունների մասին է։

ԱՄՆ-ում վերջին տարիներին հանուն ներքաղաքական պայքարի չափազանց շատ բան է կառուցվել Ռուսաստանի ու Պուտինի շուրջ, ու այժմ Բայդենի վարչակազմին պարզապես ձեռնտու կլինի Ժնևի գագաթնաժողովի արդյունքները որպես իր հաջողությունը ներկայացնել: Ընդ որում՝ բանակցությունների իրական բովանդակությունն ու արդյունքը ոչ մի նշանակություն չեն ունենա, միևնույն է, դրանք գաղտնի կմնան, այնպես որ ամերիկյան վարչակազմը կկարողանա դրանք իր օգտին մեկնաբանել:

Հասկանալի է, որ բացառապես ներքին լսարանի համար՝ Թրամփի ծաղրին դիմակայելու համար, որը բաց չի թողնի «քնկոտ Ջոյի» թուլությունն ու ոչ ադեկվատությունը (նույնպես իրականության հետ որևէ կապ չունեցող) ծաղրելու հնարավորությունը։

Ուստի կարևոր է ոչ թե այն, ինչ իրականում կարող է տալ Ժնևյան գագաթաժողովը, այլ այն, ինչ հաստատ չի լինի։ Իսկ ի՞նչ չի լինի Ժնևում:

Երկու երկրների հարաբերություններում սկզբունքային փոփոխությունների հույս չի լինի, քանի որ և՛ օբյեկտիվ, և՛ աճող աշխարհաքաղաքական հակասությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամը (որի ընթացքում չափազանց շատ բան էր կապված Ռուսաստանի հետ) բացառում են որևէ նկատելի տաքացումը։ Հիմա հույս չկա ու Ժնևից հետո չի հայտնվի։ Դեսպանների վերադարձն ու դիվանագիտական առաքելությունների աշխատանքի որոշ սահմանափակումների վերացումը երկկողմ հարաբերություններում միակ դրական փոփոխությունն է, որը կարելի է ակնկալել գագաթնաժողովից:

Չկան պատրանքներ հակառակորդի ռազմավարական գծի փոփոխության վերաբերյալ. Ռուսաստանը հաստատ դրանք չունի, իսկ ԱՄՆ-ն ավելի շուտ ձևացնում է, քան իրապես հավատում է իր ունակությանը նույնիսկ ոչ թե փոխել, այլ էապես շտկել Մոսկվայի կուրսը։ Հատկապես Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին եռանկյունում ուժերի հավասարակշռության առումով։ Առավել ևս, որ այստեղ ԱՄՆ-ն մոլագար համառությամբ շարունակում է կրակել սեփական ոտքին՝ փորձելով «դեմոկրատների միասնական ճակատ» կառուցել Ռուսաստանի և Չինաստանի դեմ։

Նույն կերպ չկան պատրանքներ նաև Ուկրաինայի համար ճակատամարտի վերաբերյալ․ այստեղ փոխզիջման հնարավորությունները պարզապես բացակայում են: Գլոբալիստական տրամադրված ամերիկյան էլիտան մինչև վերջ կօգտագործի ուկրաինական գործոնը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, Ռուսաստանին զսպելու համար, այսինքն՝ կփորձի շանտաժի ենթարկել և սպառնալ ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցմամբ և պատմական ռուսական տարածքների աշխարհաքաղաքական պատկանելության փոփոխությամբ։

Ուկրաինայի իրական ատլանտացման անհնարինության ըմբռնումը Վաշինգտոնի եռանդի վրա չի ազդում, այլ ավելի ռիսկային է դարձնում ամերիկյան խաղը։ Այն, որ ինչ-որ պահի դա կարող է հանգեցնել ուկրաինական պետականության վերացմանը, ամերիկացիներին այնքան էլ չի մտահոգում։ Նախ նրանք այնքան էլ չեն հավատում նման բաներին, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի դեմ ուկրաինական խաղաքարտը խաղարկելուց մարտավարական օգուտը նրանց համար խամրեցնում է հնարավոր ռազմավարական կորուստները։

Եվ ամենակարևորը, որ չի լինի Ժնևում։ Վստահություն չի լինի, իսկ առանց դրա ընդհանրապես անհնար է որևէ պայմանավորվածության հասնել։ Ընդ որում՝ երկու կողմից էլ վստահություն չկա, այսինքն՝ դա շատ ուժեղ փոխադարձ զգացում է։ Հակասությունները մի շարք հարցերի շուրջ սկզբունքային բնույթ են կրում և պայմանավորված են ծնվող աշխարհակարգում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեղի մասին միանգամայն տարբեր պատկերացումներով։

Առանց վստահության, պատրանքների ու հույսերի անհնա՞ր է հարաբերություններ կառուցել։ Իսկ ինչո՞ւ, հենց նման պայմաններում է նոր աշխարհ ծնվում: Բայդենի նկատմամբ Պուտինի առավելությունն այն է, որ նա աշխատում է այդ ուղղությամբ՝ ռազմավարական շեշտը դնելով ապագայի արդեն նշմարվող ուրվագծերի վրա, իսկ քնկոտ Ջոն փորձում է երկարացնել հեռացող աշխարհակարգի կյանքը։