Պատերազմ չի սկսվի, ադրբեջանական բանակն այնքան էլ հզոր չէ ներկայում. Յուրի Խաչատուրով

Մեզ անընդմեջ վախեցնում են պատերազմով: Չի սկսվի պատերազմ: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հունիսի 13-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Ներկայում ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ չէ, Ղարաբաղում պատերազմից հետո այն շատ թուլացած է, շատ զոհեր ու վիրավորներ ունի, բազմաթիվ տեխնիկա շարքից դուրս է եկել: Նրանք պարզապես տեսնում են, որ նրանց առջեւ տղաներ են կանգնած եւ փորձում են նրանց վախեցնել»,-նշել է նա:

Խաչատուրովը պարզաբանել է, որ բացի այդ տղաներից կան նաեւ տղամարդիկ, որոնք ցանկանում են նրանց հետ հավասար երկխոսություն վարել եւ հաղթել:

«1992 թվականին մենք պաշտպանել են Նոյեմբերյանը, մենք ունեցել ենք մի քանի տասնյակ ինքնաձիգներ, իսկ ադրբեջանցիներն արդեն ապահովված էին զենքով, եւ այդ պայմաններում մենք պահել ենք այդ բարձունքները, արյուն ենք թափել: Մեզնից վախեցել են, մենք նրանցից չենք վախեցել: Այժմ բոլորը վախեցնում են, որ պատերազմ կսկսվի: Պատերազմ չի սկսվի: Նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, չեն ցանկանում այն: Սակայն վախենում են նրանք, ովքեր չեն պատերազմել եւ անգամ չեն ծառայել: Մենք ոչ մեկի առջեւ ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի:

Մենք ամեն օր ավելի կուժեղանանք եւ արժանապատիվ կապրենք այս աշխարհում: Դա պետք է լինի մեր կրեդոն: Ես անկուսակցական եմ: Ես եկել եմ ասելու, որ գլխավորը կառավարության փոփոխությունն է:

Ռոբերտ Քոչարյանին ճանաչում եմ 1992 թվականից: Նա ունի տղամարդու բնավորություն, ուղեղը շատ լավ է աշխատում: Նա 100-տոկոսանոց հայրենասեր է, ունի լուրջ կապեր, նա մեր մարդն է, հայ է, երբեք չի դավաճանի, երբեք գլուխը չի խոնարհի ոչ մեկի առջեւ: Առաջարկում եմ քվեարկել Քոչարյանի եւ նրա թիմի օգտին»,-հավելել է նա: