Ադրբեջանը մոտեցել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականազերծման քարտեզների խնդրի լուծմանը. Ալիև

Ադրբեջանը մոտեցել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականազերծման քարտեզների խնդրի լուծմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ։

Այս մասին հայտնում է ռուսական TASS-ը։

«Վերջին շրջանում, միջազգային կազմակերպությունների ակտիվ շփումների շնորհիվ, մենք ավելի ենք մոտենում հայերի կողմից տեղադրված ականների վերաբերյալ որոշակի տեղեկություններ ստանալուն: Հուսով եմ` շուտով լավ լուրեր կլինեն: Բայց մինչև արդյունքներ չլինեն՝ չեմ ցանկանում ոչինչ ասել»,- ասել է Ալիևը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքների ականազերծումը շարունակում է մնալ հետպատերազմյան հիմնական խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև: Ադրբեջանը բազմիցս հայտնել է ականների վրա զինվորականների ու խաղաղ բնակիչների պայթեցման դեպքերի մասին: Պաշտոնական տվյալների համաձայն ՝ ռազմական գործողություններն ավարտած եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր, ադրբեջանական կողմից ավելի քան 120 մարդ է զոհվել կամ վիրավորվել նման դեպքերի արդյունքում: