«Լավ է, որ թատրոնի հիմնադիր Ստանիսլավսկին կենդանի չէ»․ Բեզռուկովը գնահատել է Ստալինի մասին բեմադրությունում հայտնի երգչուհու մասնակցությունը

Ռուս դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Բեզռուկովը, մեկնաբանելով Մոսկվայի Գորկիի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում «Հրաշալի վրացին» խորագրով բեմադրությունում երգչուհի Օլգա Բուզովայի դեբյուտային խաղը, նշել է՝ ուրախ է, որ թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկին «կենդանի չէ», գրում է ria.ru-ն։

«Լավ է, որ Կոնստանտին Սերգեևիչը կենդանի չէ։ Ես կարծում եմ, որ նա հուսահատությամբ է նայում այն ամենին, ինչ կատարվում է այդ թատրոնում»,- ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Գորկիի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հրաշալի վրացին» խորագրով բեմադրության առաջնախաղը` նախատեսված մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Հատկանշական է, որ լրտես Բելլա Շանթալին մարմնավորել է ռուսական շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչ Օլգա Բուզովան:

Երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը, որը ներկա է եղել առաջնախաղին, կիսվել է տեսածի վերաբերյալ իր տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս կատակերգական բեմադրությանը: Ինձ թվում է, որ այս թատրոնն իր մակարդակով վերջապես հասավ Օլգա Բուզովայի մակարդակին»,-ասել է քննադատը՝ հավելելով․ որ ինքը «Բուզովային գնահատում է ոչ թե որպես երգչուհի, այլ որպես «շոուվուման», որը գոյություն ունի առաջարկվող պայմաններում»:

«Մեծ երջանկություն է, որ Վալերիան և Լոլիտա Միլյավսկայան հրաժարվել են մասնակցել այս ներկայացմանը, քանի որ ավելի մեծ խայտառակություն չեմ տեսել անգամ Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ», — խոստովանել է Գասպարյանը: