Փոխհրաձգություն Հայաստանի տարածքում. Ալիևի պատասխանն՝ ամերիկացիներին

Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, երեկ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, հաղորդեց Պաշտպանության նախարարությունը: Ըստ նույն աղբյուրի` հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` «ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան»։

Այսինքն, մինչ Բաքու, ապա Երևան ժամանեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ու վերահաստատեց ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը՝ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած դիրքեր, Ադրբեջանը դիմեց սադրանքի:
Ի՞նչ է սա նշանակում: Ուղղակի ապտակ ամերիկյան պաշտոնյայի այցի օրերին, ցույց տալու, որ ադրբեջանական կողմից համար արժեք չունեն պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով տարածաշրջանային այցով երեկ Երևանում էր, հանդիպում էր ունեցել արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդվեց, որ ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:
Երկու կողմն էլ վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Կարևորվել է նաև առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը: Ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Իրադրությունը, փաստորեն, Հայաստանի տարածքում ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Երեկ երեկոյան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ թեմային՝ արձանագրելով, որ Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար: Անդրադառնալով երեկ Գեղարքունիքի սահմանային հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությանը, Արման Թաթոյանն ընդգծել էր, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

«Միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները: Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն», — նշել էր Թաթոյանը:

Մետաքսյա Շալունց

 

Նյութի աղբյուրը ՝ հայելի