ԱՄՆ-ն գործարքի գին առաջարկեց՝ ընդդեմ ռուս խաղաղապահների

Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն՝ երեկ Երևանում «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։

Տարածաշրջանային այցով Բաքվից Երևան ժամանած ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին երեկ ընդունեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դատելով լուսանկարներից նրան ուղեկցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ «ԱՄՆ կառավարությունը շարունակաբար ընդգծել է, որ բոլոր գերիները և պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և վերադառնան տուն։

Պետք է հիշենք, որ այս հակամարտությունը անդրադարձել է մարդկանց վրա, բավականին դյուրին է անմարդկային դարձնել հակամարտությունը։ Կարևոր է հիշել, որ սա մարդկանց մասին է, որոնք հակամարտության երկու կողմում են՝ մարդկանց երեխաների, ամուսինների, ծնողների մասին է, և մենք ցանկանում ենք տեսնել, որ բոլոր ձերբակալված մարդիկ ազատ են արձակվել, ցանկանում ենք տեսնել, որ վերջ է տրված ականներին և նրանց պատճառած մահերին, ցանկանում ենք տեսնել հակամարտության ավարտը և հակամարտության համապարփակ հանգուցալուծումը։ Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները աջակցել է տարիներ ի վեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», — նշեց Ֆիլիպ Ռիքերը։

«Ազատության» հարցին՝ արդյոք հայաստանցի գերիների հարցը քննարկե՞լ է Բաքվում, Ռիքերն արձագանքել է. «Հստակորեն արտահայտել ենք նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարությունների մեջ։ Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալված անձանց՝ առաջ շարժվելու, հակամարտության բոլոր ասպեկտներին անդրադառնալու համար և հանգելու համապարփակ հանգուցալուծման»։

Ֆիլիպ Ռիքերին «Ազատությունը» հիշեցրել է, որ Արցախի կարգավիճակի հարցը տակավին լուծված չէ։ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Վստահ ենք, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է, և պետք է վերադառնալ այդ գործընթացին, վերակենդանացնել այդ գործընթացը՝ գործնականում որքան հնարավոր է շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Նաև շատ հստակ արտահայտել ենք մեր հայտարարություններում, նաև պետքարտուղար Բլինքենն է ասել, որ պատրաստ ենք օգնել որտեղ կարող ենք՝ սահմանազատումը կարևոր քայլ է, որը պետք է արվի։ Այս սահմանը սահմանազատված չէ բազմաթիվ վայրերում։ Նման խնդիրը տարածաշրջանում կամ աշխարհի բազմաթիվ այլ հատվածներում միակը չէ։ Կարող ենք աջակցել տեխնիկական փորձաքննության առումով՝ տեսանկարահանումներ կատարել։ Պատրաստ ենք դա անել, պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների կամ այլոց հետ, եթե անհրաժեշտ է։ Մեր ուղերձը հետևյալն է՝ ցանկանում ենք տեսնել այս հակամարտության հանգուցալուծումը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան առաջ շարժվել, առաջ նայել՝ կենտրոնանալով անվտանգ, կայուն երկրներ ստեղծելու ուղղությամբ, որոնք ժողովրդավար են և կարող են բարգավաճում ապահովել, ինչը բոլոր մարդկանց ցանկությունն է», — արձագանքել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և ցայսօր չի հեռանում։ Ռիքերն անդրադարձել է նաև այս հարցին. «Շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ Վաշինգտոնից, ԱՄՆ կառավարությունից արված հայտարարությունների մեջ: Կցանկանայինք, որ կողմերը հետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, վերատեղակայվեն այնտեղ, ուր մայիսի 11-ին էին, որպեսզի կարողանանք խուսափել նման բախումներից։ Չսահմանազատված սահմանին առկա են զորքեր, որոնք շատ մոտ են իրար, և անխուսափելի է, որ խնդիրներ, բախումներ, վիրավորներ, մահեր կլինեն։ Ցանկանում ենք տեսնել զորքերի հետնահանջը, որպեսզի այդչափ մոտ չլինեն միմյանց։ Ներկայում որևէ պատճառ չկա ռազմական նման տեղաշարժերի համար։ Հետո կցանկանայինք տեսնել սահմանազատում, սակայն ավելի կարևոր է զորքերը հետ քաշել, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջովին լուծել»։

Ֆիլիպ Ռիքերին «Ազատությունը» խնդրել է անդրադառնալ Փաշինյանի հրապարակային առաջարկությանը՝ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է։ Կարևոր է, որ վերադառնանք գործընթացին և տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին։ Համանախագահները կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով երկու կողմերի հետ։ Հաճելի էր այսօր հնարավորություն ունենալ հանդիպելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել հակամարտությունը, նաև ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես բարեկամ երկիր և Հայաստանի անկախությունից ի վեր միասին աշխատում ենք՝ մոտ 30 տարի։ Ցուցաբերել ենք մոտ 3 միլիարդ դոլարի աջակցություն՝ օգնելու ստեղծել ինստիտուտներ, իրականացնել բարեփոխումներ, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ, կայուն երկիր, և վստահ ենք, որ այստեղ շատ պայծառ ապագա կա», — նկատել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կիրառման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սահմաններում, վերադարձ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի բանակցային գործընթացին, փաստորեն, սա է եղել Վաշինգտոնի հիմանական ուղերձից մեկը:

Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել ամերիկացի պաշտոնյայի՝ Երևան այցը անցել է խիստ արարողակարգային, այն էլ՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ բանակցություններ վարելու անհնարինության պայմաններում:

Մետաքսյա Շալունց

Նյութի աղբյուրը ՝ հայելի