Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: