Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը, Վրաստանում դեպքերը 728-ն են. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենը՝ Արսեն Թորոսյանին

Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան  պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ է հայտնել Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը:

«Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»,- հայտարարել է  Էզուգբայան:

Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ չկա։ «Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։

Կայքը նաև նշում է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ Թորոսյանը, ըստ կայքի, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա և ցանկանում է իմանալ «իրական վիճակագրությունը»։

Հշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս անդրադարձել էր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը, նշել էր, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել: Նա նաև նշել էր, որ կա մեթոդաբանության տարբերություն:

«Նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»,-նշել էր նա:

Այս հայտարարությունը երեկվանից Ֆեյսբուքում քննարկվում և քննադատվում է: Օգտատետերը նշում էին, որ դա կարող է վատ իմաստով անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ վարչապետն էլ անդրադարձել էր դրան և նշել, որ հնարավոր է հարևան երկրներում վարակվածների իրական թիվը չեն նշում :