Ադրբեջանում ուշքի են եկել եւ վրդովվել են Արցախի ընտրությունների կապակցությամբ

Որոշ ուշացումով Ադրբեջանը որոշել է վրդովմունք արտահայտել Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ոչ բնօրինակ հայտարարության տեքստը հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում:

Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը նվիրված ծավալուն հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, օգտագործելով այս թեմայի հետ կապված ամբողջ բառապաշարը, վրդովվում է, սպառնում եւ խեղաթյուրում փաստերը:

«Ագրեսոր երկիր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Շուշա քաղաքում կազմակերպված «երդմնակալություն» կոչվող սադրանքին, որն առանձնահատուկ նշանակություն ունի ադրբեջանցի պատմամշակութային ժառանգության մեջ, ոչ այլ ինչ է, քան սեւ կետ «ժողովրդավարություն» հասկացության վրա մարդու համար, ով իրեն որպես «դեմոկրատ» է դիրքավորում, հայտարարում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Պատերազմը դեռ չի ավարտվել, եւ Ադրբեջան իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել  իր տարածքային ամբողջականությունն իրն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Հայաստանի ղեկավարության համապատասխան սադրիչ գործողությունները փաստացի զրոյացնում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերը եւ ծառայում են հետագա ռազմական դիմակայության ուժեղացմանը եւ լարվածության աճին տարածաշրջանում»,- սպառնացել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

«Թող ոչ ոք չկասկածի. որ գրավյալ տարածքները կազատվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ կապահովվեն հարկադիր տեղահանվածների հիմնական իրավունքները»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: