Արմեն Ջիգարխանյանի ընկերները հայտնել են դերասանի մահվան պատճառը

Խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմներն ու գործընկերները հայտնել են դերասանի մահվան պատճառները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ բժիշկները հիվանդանոցում փորձել են փրկել դերասանի կյանքը, սակայն՝ ապարդյուն:

«Ցավոք, նրա առողջական վիճակն էր այդպիսին: Բավական ծանր հիվանդ էր»,- նշել է Սողոմոնյանը:

РЕН-ТВ-ն վերջինս հայտնել էր, որ դերասանի մոտ սրվել էին քրոնիկ հիվանդությունները, վերջին շրջանում նա հիվանդանոցում է գտնվել:

«Եղել էին անդառնալի գործընթացներ, որոնք հնարավոր չէր կանգնեցնել: Առավոտյան 6-ին սրտի կանգ է գրանցվել»,- պարզաբանել է Ջիգարխանյանի ընկերը:

Ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովն էլ տեղեկացրել է, որ դերասանի մահը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսի համավարկի հետ:

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info