Սոցիալական հեռավորության և արտակարգ դրության պահպանումը բացառապես քաղաքական մահակ է․ Լիկա Թումանյան

Սա ակցիա չէ, որովհետև չկան կոչեր, կարգախոսներ և չկա որևէ ցուցանիշ, որ սա ակցիա է, ուղղակի աջակցության խնդիր է։ Այս մասին այսօր ոստիկանության շենքի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը։

«Մենք բախվում ենք այն իրականությանը, որ սոցիալական հեռավորության պահպանումը և առհասարակ արտակարգ ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ, քաղաքական հետապնդումների ենթարկելու համար։ Ընտրողաբար մոտեցում է ցուցաբերվում, որովհետև, եթե հիմա զբոսնենք «Կասկադ»-ում կտեսնենք, որ ավելի շատ քաղաքացիներ կան ավելի փոքր տարածության վրա և չգիտես ինչու՝ այս հետապնդումը կիրառվում է այն քաղաքացիների վրա, ովքեր պահպանում են սոցիալական հեռավորությունը։ Ուստի՝ խնդիրը քաղաքական է և մենք բազմիցս ասել ենք սոցիալական հեռավորության և արտակարգ դրության պահպանումը բացառապես քաղաքական մահակ է»։

Հարցին, թե ինչո՞ւ է Արթուր Դանիելյանը կանչվել ոստիկանություն հարցաքննության, Լիկա Թումանյանն ասաց․ «Նա ոստիկանություն է կանչվել Հակոբ Բերբերյանի և նրա լայվի հետ կապված, որի հետ Արթուր Դանիելյանը բացարձակ կապ չունի»։