Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետեւանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման հնարավորություններին եւ ուղիներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս մարտահարվերը հնարավոր է հաղթահարել միայն ուժերի համախմբման միջոցով: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ համազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ շրջանակում անցկացված եւ նախատեսվող, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, Սեւրի դաշնագրի կնքման 100-ամյակին եւ Առաջին Հանրապետության առաջիկա տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Անդրադարձ է եղել նաեւ նախագահ Սարգսյանի առաջարկած Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնությանը: Հյուրերը ողջունելի են համարել համահայկական նշանակության այս նախաձեռնությունը, որն ուղղված է ազգային միասնականության ապահվմանը: