Ոստիկանները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:

Հերթական միջոցառումն իրականացվեց հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր կատարեցին մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:

Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվեց 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին:

Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Տնտեսվարողներին կոչ ենք անում խստորեն պահպանել Պարետի որոշումների պահանջները. արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտում հանգեցնելու է իրավական հետևանքների: