COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումներ` աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում մարդկանց այս տարի անպայման ստանալ պատվաստումներ ընդդեմ գրիպի, խուսափելու համար գրիպի ու կովիդ հիվանդության դեմ միաժամանակ պայքարելու դժվարություններից: Երկու այս հիվանդությունները սուր վարակիչ են եւ ունեն միանման ախտանիշներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Երկու այս հիվանդություններին դիմակայելու գործում 2020-ը լինելու է առանցքային տարի», ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարակիչ հիվանդությունների բաժնի տնօրեն Գերի Սայմոնը:

Կովիդ 19 հիվանդությամբ մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 30 միլիոնի 500 հազարից եւ խլել մոտ մեկ միլիոն կյանք ամբողջ աշխարհում: Ամենամեծ թվով վարակվածներ են գրանցվել Միացյալ Նահանգներում: Նրանց թիվը մոտենում է 7 միլիոնին: ԱՄՆ-ին հետեւում են Հնդկաստանն ու Բրազիլիան` համապատասխանաբար 5.3 եւ 4.5 միլիոն վարակակիրներով:

Նոր սահմանափակումների մասին են հայտարարել եվրոպական երկրները, երբ ԱՀԿ-ը հայտարարեց Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր փուլի մասին:

Իսպանիան, որը վարակված անձանց թվով ամենամեծ ցուցանիշն ունի Եվրոպայում (640 հազար), մայրաքաղաք Մադրիդի որոշ հատվածներում ուժի մեջ է դնում նոր սահմանափակումներ: Շարժն այստեղ արգելված է, բացի աշխատանքի կամ խանութ մեկնելու դեպքերից:

Ֆրանսիայի Նիցա քաղաքում արգելված են տասից ավելի մարդ ընդգրկող հավաքները: Այստեղ կրճատվել են բարերի աշխատանքային ժամերը:

Մեծ Բրիտանիան քննարկում է նոր համազգային սահմանափակումներ սկսելու հարցը, երբ վարակակիրների թիվն այստեղ ամեն օր սկսել է աճել 6000-ով:

Ամենօրյա ցուցանիշների աճ գրանցելով` Իսրայելում սկսվել է սահմանափակումների երկրորդ փուլը, որոնք կշարունակվեն երեք շաբաթ, երբ սկսվում են հրեական տոները: Մարդիկ այստեղ չունեն իրենց տներից 500 մետրից ավելի հեռանալու իրավունք:

Կանադան որոշել է երկարաձգել ԱՄՆ-ի հետ սահմանը փակ պահելու ժամեկտը: Սահմանը փակելու մասին որոշումն այստեղ առաջին անգամ ուժի մեջ էր մտել մարտի 18-ից: