Ինչպես է երեկ դադարեցվել Ադրբեջանի հարձակումը. Արմեն Խաչատրյանը մանրամասներ հայտնեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ երեկ Տեղ գյուղում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունները դադարեցվել են երկու երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։

Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում հարցը դրվել է հետևյալ կերպ․ «Շարունակո՞ւմ են կռվել, զոհեր տալ, և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը։ Որոշել են դադարեցնել»:

Իրավիճակի կայունացման համար, նրա խոսքով, որևէ երաշխիք չկա․ ադրբեջանական կողմն ամեն վայրկյան կարող է գնալ էսկալացիայի ճանապարհով․ «Մերոնք ինժեներական աշխատանքներ են իրականացնում այդ հատվածում, որն էլ կոշտ խնդիրներ է առաջացնում, և դրա ընթացքում ամեն ինչ կարող է լինել»։

Իսկ թե ինչո՞ւ են այդ հատվածում հայկական կողմից ներկա եղել բանակային ստորաբաժանումները, ոչ թե սահմանապահ զորքերը, որի մասին ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, Խաչատրյանը պարզաբանեց․ «Քանի որ սահմանապահ զորքերը հնարավորություն ու ռեսուրս չունեն մեծ հարձակումների դեպքում խնդիրներ կատարելու, դրա համար, երբ ադրբեջանական կողմից զինված ուժեր են կանգնած մինչև ատամները զինված, ապա նրանց դիմաց պետք է կանգնած լինի բանակային ստորաբաժանում։ Այնտեղ, որտեղ նրանց կողմից էլ են կանգնած սահմանապահ զորքեր, մեզ մոտից էլ են սահմանապահները կանգնած, որտեղ բանակային ստորաբաժանումներ են, մեզ մոտից նույնպես ստորաբաժանումներ են»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info