Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ բարձունքները վերահսկողության տակ են առնվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։ «Բերձորի միջանցքում նոր ճանապարհի շահագործման հետ կապված հսկողության տակ են վերցվել որոշ բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանային ընդարձակ տարածք»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախի ՆԳ նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Լարվածության նոր փուլ արցախա-ադրբեջանական սահմանին սկսվել էր մարտի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Շուշի-Լիսագոր հատվածում և իրականացրել «որոշակի դիրքային առաջխաղացում»։

Նույն օրը հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները զբաղեցրել են բարձունքը և բանակցում են ադրբեջանցի զինվորականների հետ՝ վերադառնալու իրենց սկզբնական դիրքերը։ Մարտի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ ժամը 09.00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհին հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, սակայն ադրբեջանական ստորաբաժանման հարձակման փորձը կասեցվել էր։

Մարտի 27-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան»,- ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել էին, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուժերը հետաքննում են այս փաստը։