Սեյսմիկ իրավիճակը Հայաստանում ավելի վտանգավոր է դարձել, քան կար Թուրքիայի երկրաշարժից առաջ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) 614 բազմաբնակարան շենք (հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը):

Այս առնչությամբ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ կլինի այդ հարցերին անդրադառնան այն մարդիկ, որոնք ներկայացրել են այդ թվերը, դրանով են զբաղվում և դրա համար պատասխանատու են, այսինքն՝ Քաղաքաշինության կոմիտեին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությանը:

«Ես երկրաֆիզիկոս սեյսմաբան եմ, իսկ այդ մարդիկ ներկայացնում են այդ թվերը, հաշվառման համար պատասխանատու են, շենքերի անձնագրավորման համար պատասխանատու են: Այստեղ շինարարը պետք է ասի՝ ինչ է նշանակում 3-րդ կամ 4-րդ կարգ, որից քանի հատ կա, և 2023-ին, 2024-ին կամ 2025-ին որքան ֆինանսավորում է նախատեսվում 4-րդ կարգի վթարային շենքերը ապամոնտաժելու, քանդելու, նոր շենքեր կառուցելու և բնակիչներին վերաբնակեցնելու համար: Եվ ինչքան շենք կամ մուտք են նախատեսում ամրացնել, որովհետև կոնկրետ դեպքում կոնկրետ շինարարի մասնագետն է որոշում՝ քանդելն է ճիշտ, թե ամրացումը: Կան 6-մուտքանի շենքեր, որտեղ մեջտեղի երկու մուտքերը՝ 3-րդ, 4-րդ, 4-րդ կարգի վթարային են, իսկ կողքի մուտքերը՝ 3-րդ, նույնիսկ 2-րդ կարգի վթարային: Այդ դեպքում ամբողջ շենքը քանդելը պրոբլեմային է, միգուցե ավելի նպատակահարմար է 3-րդ, 4-րդ մուտքերն ամրացնել: Դա շինարարների և ՏԻՄ մարմինների նաև կառավարության որոշելու խնդիրն է»,-ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե Թուրքիայում չդադարող երկրաշարժներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի վրա, արդյոք ունե՞նք մտահոգվելու կարիք, սեյսմոլոգը պատասխանեց. «Առայսօր Թուրքիայում շարունակվում են ցնցումներն ու հետցնցումները, և նաև սեյսմիկ ակտիվություն կա որոշակի Վրաստանում, Ադրբեջանում, Արևմտյան Իրանում: Մենք հետևում ենք այդ բոլոր զարգացումներին: Առայժմ իրավիճակը չի փոխվել այն առումով, որ ավելի վտանգավոր է դարձել մեզ մոտ, քան կար մինչև այդ: Չի կարելի լինել հանգիստ, լինել անհոգ, որովհետև մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածքում: Սա մեր երկիրն է, մենք այստեղ ապրել ենք ու շարունակելու ենք ապրել, ուղղակի պետք է անենք ամեն ինչ, որ հետագայում հնարավոր ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի, ինչպես եղավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ»:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, մասնավորապես, պետք է ամրակայել շենքերը, ապամոնտաժել 4-րդ կարգի վթարային շենքերը և մարդկանց վերաբնակեցնել, պետք է ճիշտ և ժամանակին գնահատել վտանգները. «Պետական կառավարման և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին պետք է ծանոթացնել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին, ինչպես նաև բնակչության բոլոր խավերին, բոլոր տարիքային խմբերին՝ սկսած մանկապարտեզից, ծանոթացնել սեյսմիկ պաշտպանության վարքականոններին: Դրա համար մշակված են համապատասխան վարքականոններ, որոնք պարբերաբար թարմացվում են, որոնք գրված են պարզ, բոլորի համար մատչելի լեզվով և տեղադրված են ԱԻՆ-ի կայքում: Ուղղակի պետք է մի 10-15 րոպե քանի րոպե տրամադրել ու ընթերցել այդ վարքականոնները»: