Մամուլում օրեր շարունակ քննարկվում էր այն լուրը, որ «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը:
Tert.am Life-ը ներկայացնում է մի քանի փաստ երիտասարդ երգչուհու մասին, ինչպես նաև Առաջին ալիքի պարզաբանումը, թե ինչո՞ւ են ընտրել Բրյունետին:
21- ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ:
Երգչուհին նաև ակտիվ է սոցիալական հարթակներում: Ինստագրամյան իր էջի հետևորդները գերազանցում են 250 հազարը, իսկ TikTok-ում 77 հազար հետևորդ: Երգչուհին նաև հանդիսացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ:
Երգչուհին նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», — նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:
«Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
