13-ամյա դեռահասը կրակ է բացել․ նոր ահաբեկչություն՝ Երուսաղեմում 

Երուսաղեմում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ ահաբեկչության ժամանակ երկու մարդ հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Jerusalem Post-ը։

Չարագործը կրակ է բացել Դավթի քաղաքի՝ Երուսաղեմի ամենահին տարածքի այցելուների վրա, որտեղ հնագիտական ​​պեղումներ են անցկացվում, և որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։
Մաալոտ փողոցում վիրավորվել են 45-ամյա տղամարդը և 22-ամյա երիտասարդը, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։

Ենթադրյալ ահաբեկչին վնասազերծել են օգնության հասած հասարակական կարգի պահապանները։ Պարզվել է, որ նա 13-ամյա դեռահաս է։ Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից, շարունակվում են հարձակվողի հանցակիցների որոնումները։

Հունվարի 27-ի երեկոյան 21-ամյա Խեյրի Ալկամը կրակ է բացել Արևելյան Երուսաղեմում՝ սինագոգի մոտ, ինչի հետևանքով  զոհվել է 7 մարդ։ Ավելի ուշ նրան վնասազերծել են։