Հրդեհից մահացած 15 զինվորներից 14-ին հայտնաբերել են անկողնում․ փրկարար ծառայության գնդապետը մանրամասներ է հայտնում

Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՛՛Հանրային քննարկում՛՛ հաղորդման ժամանակ ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

Նա նշեց. ՛՛Վարկած է, որ տղաները ծխահարվել են և ուղղակի չեն արթնացել, անկողնուց դուրս չեն եկել։ Մի հոգին մուտքի մոտ է հայտնաբերվել, փորձել է փրկվել, բայց չի ստացվել՛՛:

Սարոյանի խոսքով՝ այդ շինության ներսում 21 հոգի են եղել։ Մինչև փրկարարների հասնելը վեցը դուրս են եկել իրենց ուժերով, երեքը տարբեր այրվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բուժկենտրոն, այնուհետև՝ Երևան։

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք, որ կրակն այդքան արագ տարածվեր՝ Սարոյանը նշեց, որ շենքն ամբողջությամբ քարից չէր, ՛՛բաղդադ՛՛ տիպի շինություն է եղել, և, ամենայն հավանականույթամբ, կրակի արագ տարածման պատճառը դա է։

Սարոյանը չբացառեց, որ եթե սկզբնական բոցավառման փուլում հրդեհամամարման սարքեր լինեին, հնարավոր կլիներ տարածումը կանխել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։

Մանրամասները՝ տեսանյութում.