«Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․ Սոնա Ռուբենյանի սկեսուրը պնդում է՝ «Այդ պաշտոնյայի կինն է հենց չարաշահում ամուսնու պաշտոնը»

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրը՝ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի» ՀԿ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը (լուսանկարում) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

«Ես բոլոր թղթերն ունեմ, ամեն ինչ կարող են ստուգել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը, ոչ մի բան: Դրա համար սպասում եմ, որ ապացուցեմ, հետո հերթով ներողություն կխնդրեն, ոչինչ »,- Aravot.am-ին ասաց ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Մեր զրուցակցի մասին մամուլում եղան տեղեկություններ, որ ինքն ունի հակաիշխանական տրամադրություններ ու նրա դեմ նախաձեռնված այս քրեական վարույթը նաեւ դրանով է պայմանավորված: Այս առիթով տիկին Ստեփանյանն ասաց. «Դե դա ասեմ՝ ինչու: Դա նպատակով է արվում, ես իշխանությունների դեմ ոչինչ չունեմ, եթե ինչ-որ մի բան ունենամ, ամենավերեւից մինչեւ Ազգային ժողովով, վարչապետի երեխաները բոլորը մարզվում են գեղասահքի դպրոցում ու ամեն օր իմ աչքի առջեւ են երեխաները, բոլորը ճանաչում են: Ես ոչ մեկի կողմը չեմ, ես իմ կողմն եմ:

Սա դիտմամբ սարքած բան է, մեր մոտի երկու-երեք ծնողի կողմից, այդ ծնողներից մեկը հենց ինքն է չարաշահում իր ամուսնու պաշտոնը, այդ պաշտոնյայի կինն է հենց իր երկու-երեք ընկերուհիների հետ: Իրեն ձեռք չի տալիս, հիմա կապերը շատացել է, ինչքան սուտ բան կա՝ տարածում է»: Մեր հարցին՝ կոնկրետ կասեք՝ պաշտոնյայի անունը, տիկին Ստեփանյանն ասաց՝ անունն արդեն ասացի:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ իր տեղի վրա աչք ունեն այս գործը սարքողները: Ըստ մեղադրանքի՝ Մելանյա Ստեփանյանը 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:  Տիկին Ստեփանյանն այս առնչությամբ ասաց. «Հատկացումից հետո հարյուր ձեւի հաշվետվություն ես ներկայացնում:

Հաշվետվությունից հետո տարեկան հաշվետվություն ես ներկայացնում, տարեկան հաշվետվությունից հետո աուդիտ ես անցնում: Դա հարյուր ձեւ անցնում է, միանգամից չի տրվում: Քանի որ այս տարի շատ մրցումներ չկային` մրցումները cancel եղան: Մենք պատրասվում էինք հունվարին մրցումների, այդ հունվարի համար պատրաստվում էինք Եվրոպայի առաջնության, բայց այն պատահաբար cancel եղավ:

Որ ասում են` հատկացված գումարի դիտավորյալ հափշտակություն, չկա նման բան: Բոլորը ծախսվել է իր նպատակին: Բոլոր թղթաբանությունն ունենք, չի կարող նման բան լինել: Իրենք մեղադրում են, որ 150.000 դրամը չկա, ո՞նց կարող է 150.000 դրամը չլինել: Բա ինձնից ոչ թուղթ են ուզել, ոչ հարցրել են, ոչ ես ինչ-որ մեկին բան եմ պատասխանել: Ինչ ուզեն, կարող եմ տալ, բայց ինձնից ոչ մեկ թղթաբանություն չի ուզել:

Մենակ դրվում է կեղծ, իսկ որտեղից են այդ կեղծը վերցրել, կարո՞ղ են ինձ ասել: Պետք է վերցնեն նախարարությունի՞ց, նախարարությունում չկա նման բան, աուդիտից չկա նման թուղթ, որտեղի՞ց են վերցրել, մեր տնից՞»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ