Խոշոր հրդեհ Արմավիրում

Հուլիսի 11-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի 1 հասցեում գտնվող, սովետական տարիներին հայտնի «Դանակ-պատառաքաղի» չգործող գործարանում։

Ըստ աղբյուրի՝ ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ և 1 սանդուղք։ Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:

Դեպքի վայր են ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որ, եթե անհրաժեշտություն լինի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, տեղում կատարեն իրենց աշխատանքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի տանիքում և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info