Մոտակա 10 օրվա ընթացքում հնարավոր է էլի արձանագրվեն նման երկրաշարժներ

«Այն ինչ կատարվում է, մեր տարածաշրջանին բնորոշ է, Ջավախքը՝ ի տարբերություն մյուս գոտիների,  մի փոքր ավելի բարձր սեյսմիկ ակտիվություն ունի: Մագնիտուդի հաղորդագրություններ արել ենք, տեղի ունեցած երկրաշարժներից հետևանքներ չկան, ահազանգեր ևս չենք ստացել: Ենթադրում ենք, որ չեն էլ լինի»,-այսօր՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցած երկրաշարժների հետ կապված ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի հետ:

Նրա խոսքով՝  այսօր ուժգնությամբ ամենաբարձր երկրաշարժը առաջինն էր, որը էպիկենտրոնում 6 բալ էր, և զգացվել է նաև Երևանում՝ 2-3 բալ, մնացածը Երևանին բնակիչները չեն զգացել:

«Այժմ հետցնցումային ակտիվությունը շարունակվում է, մենք մեր աշխատանքները շարունակում ենք կատարել, հնարավոր է մոտակա 10 օրվա ընթացքում էլի լինեն նման երկրաշարժներ»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Ս. Մարգարյանը հավելեց, որ ավելի ուժեղ մագնիտուդով երկրաշարժ՝ 7 բալ, արձանագրվել է տարվա սկզբին, բայց էլի հետևանքներ չեն եղել:

Հարցին, թե հնարավոր է առաջիկայում բարձր ուժգտնությամբ երկրաշարժ լինի, նա պատասխանեց, որ ուժգին երկրաշաժի նախապատրաստությունը երկար է տևում և  այժմ նրանք նման մեծ  փոփոխություններ չեն տեսնում, անհանգստանալու շատ կարիք չկա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ-ը 3 հաղորդագրություն  է տարածել Բավրա գյուղից 13-15 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի մասին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info