Խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ զրույցում.

«Իշխանությունը վախենում է միայն մի բանից, որ հանկարծ չձախողեն հանրությանը վախեցնելու իրենց առաքելությունը, այս հարցում իրենք խիստ հետևողական են: Որևէ այլ բան իրենց բացարձակապես չի մտահոգում՝ իրավապաշտպանները և միջազգային հանրությունը լավագույն դեպքում վերածվել են կույրերի, իսկ վատագույն դեպքում պատրաստ են արդարացնելու ցանկացած ոչ իրավաչափ քայլ և ծաղրելու ընդդիմությանը: Կարծում եմ՝ ասվածի համատեքստում պետք է դիտարկել նաև Ավետիք Չալաբյանին հետապնդելու բուն փաստը, քանի որ անվերապահորեն բարի համբավ և անաչառ աշխարհայացք ունեցող գործչին բացահայտ ապօրինի հետապնդելը, ընդհուպ՝ անհիմն կալանավորելը վկայում է համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու աննահանջ նկրտումների մասին: Իրեն ընկալում են որպես երրորդ ուժի ներկայացուցիչ, թե ներկայիս ընդդիմության բաղադրիչ, կարծում եմ, էական չէ: Իրավական ասպեկտների տեսանկյունից ավելի խոցելի ու խայտառակ վարույթ նույնիսկ մեր օրերում դժվար է անգամ պատկերացնել:

Ընդ որում, փաստաբանները փորձել են միջնորդությամբ դիմել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս՝ մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան: Այդ հարցում իմ համեստ մասնագիտական կարողություններով աջակցել եմ նաև փաստաբաններին: Վերջապես, խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն: Իսկ միջազգային փորձի մասին հիշատակողները շրջանցում են այն հարցը, որ սահմանված է սոսկ վարչական պատասխանատվություն, այն էլ զուտ մի քանի հետխորհրդային պետություններում:

Դանիելյանի խոսքով՝ գրեթե նույն օրը Ազգային ժողովն ընդունել է իրարամերժ օրենքներ, որոնցից մեկով ներմուծվել է հիշյալ արարքը քրեականացնող նոր հոդված, իսկ մյուսով այդպիսին ճանաչվել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում նույն այդ հոդվածը տեղ չի գտել ապագա քրեական օրենսգրքում.

«Արդեն 2 օր անց ուժի մեջ է մտնելու նոր քրեական օրենսգիրքը, որով նշված հոդվածը պարզապես նախատեսված չէ, բայց իշխանություններն ամեն ինչ անում են Չալաբյանին հնարավորինս երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար: Եթե այս ապօրինի մեթոդաբանությամբ շարունակվի վարույթը, ապա որևէ երաշխիք չկա, որ վերջինիս նկատմամբ հուլիսի 1-ից կդադարեցվի քրեական հետապնդումը: Ես անգամ չեմ անդրադառնում երկակի ստանդարտ հիշեցնող այն դատավարական տարրական խախտումներին, որոնցով իրականացվում է այդ հետապնդումը, ցավոք, իրավապահ համակարգի ներկայացուցիչների վառ երևակայությունը սահմաններ չունի:

Այս ամենի մեջ գերխնդիրը մնում է դատական իշխանությունը քաղաքական գործընթացներից անվերապահորեն զերծ պահելը, դատական համակարգի պաշտոնյայի, անկախ իր զբաղեցրած աստիճանից, անգամ մտքի ծայրով չպետք է անցնի ցանկալի քաղաքական գործընթացները երաշխավորելու պարտավորություն ստանձնելը, Սահմանադրությունը միայն մի պարտավորություն է ակնկալում՝ երաշխավորել դատական իշխանության անկախությունը: Յուրաքանչյուրիս առջև կա երկընտրանք՝ կա՛մ հաշտվում ենք և ամեն գնով հոգում սոսկ սեփական «ես»-ի կարծեցյալ հարմարավետության մասին, կա՛մ հոգում ենք բացառապես պետության ու պետականության կայացվածության մասին»:

Մարիամ Նալբանդյան