Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան

Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ դատական ակտերը, կալանավորման որոշումներն աբսուրդի հասնող են.

«Ակնհայտ անարդարացի դատական արդարադատություն կա ՀՀ Քրեական օրենսգրքում, և Ավետիք Չալաբյանի՝ կալանքի վերաբերյալ դատական ակտը դրանց է վերաբերում: Ապագայում այս դատավորները պետք է դատապարտվեն՝ այսպիսի ակնհայտ անարդարացի դատական ակտերի համար, որովհետև ո՛չ հիմնավոր կասկած կա, ո՛չ էլ մնացած ստանդարտները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին կալանքի տակ վերցնելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Վերջինիս պնդմամբ՝ սա միանշանակ Չալաբյանի դեմ ուղղված քաղաքական հետապնդում է.

«Պարոն Չալաբյանը հրապարակում բավականին քննադատական, փաստարկված ելույթ ունեցավ՝ դավաճանության վերաբերյալ, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերին: Ես կարծում եմ՝ հենց նրա փաստարկված ելույթն է ընկած այս ապօրինի կալանավորման հիմքում»:

Մարիամ Նալբանդյան