Պատերազմը մտնում է նոր փուլ

 

1in.am-ը գրում է. Կիևի շրջանում գտնվող Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց նպատակային սպանության մասին տեղեկությունները անկասկած խոսում են ուկրաինական պատերազմում նոր փուլի մասին: Բուչան տևական ժամանակ զբաղեցրել էին ռուս զինվորականները, սակայն մարտի 30-ին նրանք թողեցին քաղաքը: Դրանից մի քանի օր անց ուկրաինացիները հայտարարեցին, որ ռուս զինվորականները քաղաքում իրականացրել են քաղաքացիական անձանց սպանություններ:

Մոսկվան հերքում է, ասելով, թե դա տեղեկատվական կեղծ նյութ է, որ մատուցվում է Ռուսաստանին հանիրավի մեղադրելու համար: Այս հրապարակմամբ ամենևին չեմ փորձում դիտարկել, թե ով է ստում կամ ով է ներկայացնում իրականությունը, և ընդհանրապես ինչպիսին է այն: Կա այդ ամենի շուրջ ձևավորված արդեն իսկ նկատելի քաղաքական իրականություն, Բուչայի թեման դարձել է արևմտյան երկրների քաղաքականության որոշակի մեկնակետ, անկախ այն բանից՝ թեման մտացածին է, չափազանցված, թե ամբողջապես իրական:

Ակնառու է, որ այն դարձել է ուկրաինական պատերազմում արևմտյան «զինանոցի» տարր և բերում է որոշակի գործողությունների, ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների, այդ թվում եվրոպական երկրներից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման զանգվածային ալիքի:

Այդ ամենը նշանակում է, որ ուկրաինական ճգնաժամն ու պատերազմը մտնում են ռազմա-քաղաքական նոր փուլ, եթե արդեն իսկ դրանում չեն: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ դա տեղի է ունենում Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունից կարճ ժամանակ անց, երբ թվում էր, թե կարող է տեղի ունենալ հակառակը և իրադարձությունների զարգացումը կարող է մտնել ռուս-ուկրաինական համաձայնությունների փուլ: Սակայն, դրա փոխարեն փաստացի տեղի է ունենում բոլորովին այլ շրջադարձ և հակամարտության մեջ է մտնում բնակչության դեմ հանցագործության տարրը, ինչը գործնականում կարող է դառնալ քաղաքական համաձայնությունների հեռանկարի երկարաժամկետ արգելք:

Ավելին՝ այստեղ