Երկու ծանր հիվանդ կա, մեկի մոտ ինսուլտի նախանշաններ են, մյուսը դիալիզ պետք է ստանա, չենք կարողանում հասցնել «Գորիս» ԲԿ. Բարձրավանի գյուղապետ

Բարձրավան գյուղում երկու ծանր հիվանդ կա այս պահին, սպասում ենք իրենց հարազատների պատասխանին, եթե համաձայնություն տան, իրենց տեղափոխենք Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

«Հիվանդներից մեկը ինսուլտի նախանշաններ ունի, մյուսի մոտ լուրջ առողջական խնդիրներ են, դիալիզ պետք է ստանա։ «Գորիս» բժշկական կենտրոն տեղափոխելու հնարավորություն չկա, հավանաբար կտեղափոխեն Կապան։

Պայմանավորվածություն կա, որ այսուհետ շտապօգնության ահազանգերը սպասարկեն Կապան բժշկական կենտրոնից, այդ ճանապարհին գոնե մեր սահմանապահներն են»,- նշեց նա։

Ավագյանը նշեց, որ երեկ Գորիսից ուսուցիչները կարողացել են հասնել գյուղ և իրականացրել դասապրոցես. «Տնօրենի անձնական մեքենայով, այլընտրանքային ճանապարհով, մեքենան ջարդելով եկել, հասել են երեկ, բայց վաղը ոնց կլինի, չգիտեմ։ Հացի հետ կապված խնդիրը ևս լուծվել է, հացի մեքենան այլընտրանքային ճանապարհով հաց է հասցրել»։

Հարցին` տեղյա՞կ է ՝ինչ արտարժույթով և որքան մաքսատուրք պետք է վճարեն, Ավագյանը նշեց. «Ես կարծում եմ բոլորը կսկսեն օգտվել այլընտրանքային ճանապարհից, ոչ ոք չի պատրաստվում իր սեփական տարածքում թուրքին գումար վճարել»։

Ինչ վերաբերում է գյուղացիների ընդհանուր տրամադրություններին և առկա անհանգստությանը, Օնիկ Ավագյանը պատասխանեց.

«Պանիկա, որպես այդպիսին, չկա, բայց անհանգստություն կա, մարդիկ մտածում են, որ, Աստված չանի, մի լուրջ առողջական խնդիր առաջանա, ինչ պետք է անեն։ Ձմեռ է, գյուղացիները պարենի խնդիր չունեն, հիմնականում ձմեռվա պաշար ունեն նկուղներում, հացի մատակարարման խնդիրն է հիմնական դժվարությունը։ Գյուղացիները ստեղծված իրավիճակից են հիմնականում նեղվում»։