ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով՝ Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:

«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն՝ Շուշի – Կարմիր շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն՝ հակառակ ուղղությամբ:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info